Վրաստանի կառավարությունը հաստատել է, որ ռուսական պատժամիջոցների ներքո գտնվող նավթով լի նավը մտել է Բաթումիի նավահանգիստ, սակայն պնդում են, որ մաքսատունը չի ընդունի այն։
Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին այսօր ճեպազրույց է անցկացրել և հայտարարել, որ Վրաստանի տարածքով պատժամիջոցները շրջանցելու փաստ «երբեք չի եղել և չի լինի ապագայում»։
Նա հաստատել է ԶԼՄ-ների տեղեկությունները, թե պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթով բեռնված նավը մտել է Բաթումիի նավահանգիստ, սակայն հերքել է լուրերն այն մասին, որ բեռը վերագրանցվել է պատժամիջոցները շրջանցելու համար։
Դավիթաշվիլին կարծում է, որ «պատժամիջոցների հարցը հաճախ սխալ մեկնաբանության առարկա է դառնում»։
Նախարարը խոստովանել է այն փաստը, որ «Բաթումիի նավահանգիստ է ժամանել բեռնատար նավ՝ ենթապատժամիջոցային ընկերության հետ կնքված պայմանագրով և, համապատասխանաբար, դրանից ստացված բեռներով»։
Նրա խոսքով՝ մաքսային մարմիններն ուսումնասիրում են փաստաթղթերը և որոշում կայացնում՝ «ելնելով իրենց պատասխանատվությունից»։ Ինչպես հայտնի է, Վրաստանը պարտավորվել է չթողնել իր տարածքով և սահմանով ապրանքներ, որոնք Արևմուտքի կողմից պատժամիջոցների են ենթարկված՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պատճառով։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ռուսական նավթով հեղուկանավը մտել Բաթումիի նավահանգիստ, Դավիթաշվիլին լրագրողներին առաջարկել է «մոտիվացիայի մասին հետաքրքրվել բեռի տիրոջից»։
«Վրաստանի պետական մարմինները գործում են առավելագույն պատասխանատվությամբ, և մինչ օրս մաքսային մարմինները համաձայնություն չեն տվել նման բեռ ստանալու համար։
Անկախ անհատների ցանկությունից, այդ բեռը, առանց մաքսատան համաձայնության, բնականաբար, չի կարող մուտք գործել Վրաստան և Վրաստանի մաքսային տարածք»,- ասել է նախարարը։
Տեղեկատվությունը տարածել է newsgeorgia.ge-ն