Կարևոր չէ դասերը կսկսվեն սեպտեմբերի 1-ին, թե 15-ին, միևնույն է այդ օրվան թե երխաները, թե ծնողները անհամբերությամբ են սպասում: Անբացատրելի է այն երեխայի զգացողությունները, որն առաջին անգամ վարդերը ձեռքին` կոկիկ հագնված շտապում է դպրոց… Կրթության կարևորության մասին զրուցել ենք մասնագիտությամբ իրավաբան, Թբիլիսիի Իվանե Ջավախաշվիլու անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի այս տարվա լավագույն ուսանող Անդրանիկ Մինասյանի հետ:
Անդրանիկը պատմում է, որ մանկուց մեծ սեր է ունեցել կրթության հանդեպ: Ծնողները բարձրագույն կրթություն ունեն ու իրենց ընտանիքում կրթությանը շատ մեծ նշանակություն է տրվել:
«Իհարկե չեմ ասում, որ բոլորը պետք է ստանան մագիստրոսի կամ ասպիրանտի կոչում կամ բարձրագույն կրթություն, սակայն յուրաքանչյուր մարդ կլինի զինվորական, մարզիկ թե պարզապես տնային տնտեսուհի պետք է գոնե տարրական գիտելիքներ ունենա, պատկերացումներ աշխարհի, իր երկրի, ժողովրդի ու պատմության մասին: Մեր օրերում հաճախ ենք լսում բռնության ամենատարբեր դրսևորումների մասին, իսկ դա վստահ եմ կրթության պակասի` տգիտության հետևանք է: Կրթված մարդը շատ ավելի հավասարակշռված ու հանդուրժող է», – ասում է Անդրանիկը:
Նա հիշում է, որ պետական լեզուն չիմանալու հետևանքով տարիներ առաջ մի շարք խնդիրների է բախվել. «Որոշել էի Երևանում շարունակել ուսումս, սակայն մի քանի ինտեգրման ծրագրերի մասնակցելուց հետո մտափոխվեցի: Թեև վրացերեն չգիտեի, սակայն արդեն հստակ գիտեի, որ Թբիլիսիում պետք է ստանամ բարձրագույն կրթություն: Վրացերենով մասնագիտություն ստանալն անհնարին ինչ որ բան էր թվում, սակայն ինչպես ասում են անհնարին ոչինչ չկա, անհրաժեշտ է միայն նպատակ դնել ու իհարկե դրան հասնելու համար շատ աշխատել»:
Թե աշակերտներին, թե ուսանողներին Անդրանիկը խորհուրդ է տալիս չխուսափել դժվարություններից, ընդհակառակը գնալ դրանց ընդառաջ, դպրոցական ու համալսարանական կրթությունից դուրս մեծ տեղ տալ նաև ինքնակրթությանը` կարդալ, շատ կարդալ: Իսկ մասնագիտություն ընտրելիս առաջնորդվել ոչ թե ծնողների ու հարազատների խորհուրդներով, այլ սեփական նախասիրություններով:
«Սիրելի գործով զբաղվելը աշխատանք չէ, դրանից դու միայն հաճույք ես ստանում, իսկ չսիրած ու սխալ մասնագիիտությամբ աշխատելը կրկնակի ավելի բարդ է` փորձություններեով լի: Դրա համար պետք է գնալ այն ուղով, որը քեզ հոգեհարազատ է, այլ ոչ թե առավել շահավետ», – վստահեցնում է Թբիլիսիի Իվանե Ջավախաշվիլու անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի այս տարվա լավագույն ուսանողը:
Անդրանիկ Մինասյանն այժմ աշխատում է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայում (GYLA)՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Հիմա նա այս կազմակերպության Թբիլիսիի գրասենյակում աշխատում է որպես փաստաբան:
2018 թվականի մարտից Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA), իսկ նույն թվականի դեկտեմբերից՝ Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի (GBA) անդամ է: Ունի երեխաների իրավունքների նեղ մասնագիտացում:
Նա գերազանց է ավարտել Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան և ստացել իրավունքի մագիստրոսի ակադեմիական աստիճան:
Թեև Անդրանիկն այսօր աշխատում է շատ խիստ գրաֆիկով, սակայն ազատ ժամանակ գտնելուն պես զբաղվում է ընթերցանությամբ` ինքնակրթությամբ:
Հերմինե Կարապետյան