Դեկտեմբերին փոխհատուցում է ստացել եկամուտը կորցրած ավելի քան 120 000 Վրաստանի քաղաքացի:
Ավելի քան 120 հազար Վրաստանի քաղաքացիներ, ովքեր կորցրել են իրենց եկամուտը կորոնավիրուսային համավարակի պայմաններում, 2020 թ.-ի դեկտեմբերին ստացել են 300 լարի (ավելի քան 90 ԱՄՆ դոլար) փոխհատուցում: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնել է Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին:
Վրաստանում, նոյեմբերի 28-ին, երկու ամիս ժամկետով ներդրված «COVID-19»-ի նոր սահմանափակումների պատճառով՝ շուկաների, առևտրի կենտրոնների աշխատակիցները և այլ անձինք, ովքեր մնացել էին առանց աշխատանքի, կարող էին ակնկալել պետության կողմից միանվագ օգնություն:
Ինչպես նշել է Մաճավարիանին, նմանատիպ օգնությունը կշարունակվի 2021-ի առաջին կիսամյակում:
Այսօր Վրաստանի կառավարությունը հայտարարել է 610 միլիոն լարիի (ավելի քան 185 միլիոն ԱՄՆ դոլար) չափով սոցիալական աջակցության երրորդ հասցեական փաթեթի մասին: Այն քաղաքացիները, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը և աշխատավարձ չեն ստացել 2020 թ.-ի դեկտեմբերից վեց ամսվա ընթացքում, կկարողանան ակնկալել 200 լարիի (ավելի քան 60 ԱՄՆ դոլար) չափով նպաստ:
Վեց ամսվա ընթացքում խոստանում են 100 լարիի (ավելի քան 30 ԱՄՆ դոլար) չափով նպաստ հատկացնել 71 հազար սոցիալապես անապահով ընտանիքների և 24 հազար կարիքավոր բազմանդամ ընտանիքների: Սահմանափակ կարողություններ ունեցող 43 հազար մարդ կկարողանա ստանալ նմանատիպ օգնություն. Այդպիսիք են՝ սահմանափակ կարողություններ ունեցող երեխաները, ինչպես նաև բարդ ձևերով ֆիզիկական վառ արտահայտված սահմանափակումներ ունեցող չափահաս անձինք: