Առաջիկա երեք տարում Վրաստանում կկառուցվի 80 դպրոց: Դրանց թվում կլինի նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղի նոր դպրոցը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է լայնամասշտաբ նախագծի մասին, որի շրջանակներում կվերանորոգվի 800 հանրային դպրոց ամբողջ երկրում։ Դրանցից 80-ը կկառուցվեն զրոյից, իսկ 220-ը՝ կհիմնանորոգվեն։ Նախագծի բյուջեն կկազմի մեկ միլիարդ լարի (մոտ 330 միլիոն դոլար): Վրաստանում կա 2 308 դպրոց, որից 2 086-ը՝ պետական, 222-ը՝ մասնավոր։ Ղարիբաշվիլին նշել է, որ վերջին 8-9 տարիների ընթացքում կառավարությունը Վրաստանում կառուցել է 175 դպրոց, սակայն դա բավարար չէ։

Թե կոնկրետ Ախալքալաքի մունիցիպալիտետում քանի դպրոց կկառուցվի և քանիսը կվերանորոգվի, Կրթական ռեսուրս-կենտրոնում դեռևս չեն կոնկրետացնում։ Բայց, ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի տեղեկությունների, այն գյուղերի թվում, որտեղ նոր դպրոց է կառուցվելու, Սուլդա գյուղն է։

«Զրոյից կառուցվող դպրոցական շենքերի ցանկում է Սուլդա գյուղի դպրոցը: Դպրոցները մենք պետք է կարգի բերենք, որ դրանք համապատասխանեն չափորոշիչներին, որ առաջնային խնդիրները լուծվեն։ Նախարարությունը (խմբ.՝ ԿԳՆ) մեզ տեղեկություն խնդրեց այն դպրոցների մասին, որոնք ունեն պատրաստի նախագծեր, որոնք ունեն իրենց ֆինանսները, որոնց որոշակի գումար պակասում է, և մենք կօգնենք ինչով կարող ենք»,- ասում է մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Սուլդա գյուղի դպրոցի տնօրեն Էդիկ Թորոյանի խոսքով՝ դպրոցի նոր շենքի համար արդեն տեղն ընտրվել է՝ մայրուղուց փոքր-ինչ այն կողմ, որտեղ այժմ գտնվում է դպրոցը։

«Մեր դպրոցում 118 աշակերտ ունենք։ Ինչ վերաբերում է բարեկարգմանը, ապա սանհանգույցը կառուցվել է 2020թ.-ին: Անցած ամառ մեր դպրոցի շենքի մի մասնաշենքը վերանորոգվել էր։ Մեր դասերն անցկացվում են երկու մասնաշենքում։ Նախ դպրոցը մոտ է ճանապարհին՝ 20 մետր հեռավորության վրա է գտնվում։ Սա միջազգային նշանակության ճանապարհ է, այս ճանապարհով մարդիկ գնում են Թուրքիա։ Ամեն 30 րոպեն մեկ 5 բեռնատար է անցնում, սա շատ վտանգավոր վայր է։ Մյուս շենքն էլ վթարային է»,- ասում է դպրոցի տնօրեն Էդիկ Թորոյանը։

Վարչապետը խոստանում է՝ մինչեւ տարեվերջ 800 դպրոց կնորոգվի

«Սուլդայի դպրոցում հնարավոր չէ դաս անցկացնել»

Նախկին գյուղխորհրդի շենքը, որպես դպրոց է ծառայում