Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է առաջիկա ծրագրերին՝ հայտնելով, որ այս տարի Վրաստանում կկառուցվի և կնորոգվի ընդհանուր առմամբ 800 դպրոց։ Կկառուցվի 80 դպրոց, ամբողջությամբ կնորոգվի 220 դպրոց, մասամբ կնորոգվի 500 դպրոց։

Կկառուցվի նաև էկոնոմիկայի նախարարության շենքն ու կնորոգվի արտաքին գործերի նախարարության շենքը։

«7 տարի է, ինչ էկոնոմիկայի նախարարությունը սեփական շենք չունի։ Խորհրդակցելով Լևան Դավիթաշվիլիի (Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար) հետ՝ որոշեցինք Օրթաճալա թաղամասում կառուցել էկոնոմիկայի նախարարության շենքը, որտեղ ամեն ինչ լինելու է ժամանակակից չափանիշներին համապատասխան»,-ասել է Ղարիբաշվիլին։

Վարչապետը նշել է, որ հարկ է համարում նաև այս տարվանից սկսել արտաքին գործերի նախարարության շենքի նորոգման աշխատանքները, որը կղեկավարի ԱԳՆ նախարար Իլիա Դարչիաշվիլին։

«Ինձ ամենաշատն ուրախացնում են մեր կրթական ծրագրերը, ըստ որոնց՝ այս տարվա ընթացքում 800 դպրոց պետք է կառուցվի և նորոգվի եվրոպական չափանիշներին համապատասխան» — ընգծել է Ղարիբաշվիլին։