Սարգիս Մանասյանը՝ ում երիտասարդ տարիներից գյուղում Դաշնակ են անվանում, իր յուրահատուկ ֆիզիկական հմտություններով գերազանցում է ոչ միայն իր հասակակիցներին, այլ նաև երիտասարդներից շատերին:
Սարգիս պապը մանկուց զբաղվել է սպորտով, երիտասարդ տարիներին բազմաթիվ մրցումների է մասնակցել և հաղթել: Նրան գիտեն ոչ միայն Խանդո գյուղում, այլև ամբողջ շրջանում:
«Գյուղում ոչ ոք չէր կարողանում ինձ գցել, ձողի վրա պտտվում էի ու մինչև 30 անգամ ձգում, հիմա էլ իմ տարիքի մարդկանց բոլորը բազուկը կարող եմ ծալել»:
Գյուղի երիտասարդները առանձնակի պարծանքով են խոսում նրա մասին։
«Մեծահասակները պատմում են, որ Դաշնակ պապին երիտասարդ տարիներին ֆիզիկապես շատ ուժեղ է եղել, նույնիսկ հիմա քչերիս է հաջողվում նրա բազուկը ծալել, այս տարիքում ձգվում է, այնքան որքան երբեմն ես չեմ կարողանում, նա մեր պարծանքն է», – ասում է 20-ամյա Արմեն Մարգարյանը:
Սարգիս Մանասյանն ապրում է Խանդոյում՝ կնոջ հետ: Ունի 3 երեխա և 11 թոռ, նրանք արտերկրում են ապրում: Հպարտությամբ է նշում, որ թոռները շատ լավ են սովորում, բայց նրանցից ոչ ոք չի ընտրել սպորտը:
«Թամբալ են, սպորտով չեն զբաղվում», – կատակում է նա:
«Նա մեզ համար օրինակ է ծառայում, որպեսզի մարզվենք և առողջ ապրելակերպ վարենք», – ասում է Խանդոյի երիտասարդներից Համբարձում Սահարյանը:
Սարգիս պապին երիտասարդ տարիներին երազել է ծանրամարտիկ դառնալ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել: 50 տարի գյուղում աշխատել է որպես տրակտորիստ, զուգահեռ զբաղվել է իր ամենասիրելի զբաղմունքով՝ սպորտով։