Սեպտեմբերի 1-ին, Չամդուրա (Չամձռվալա) գյուղի բնակիչները հավաքվել էին ցույցի: Հանրահավաքի հիմնական պատճառը դեպի Կարծախ տանող ճանապարհի մոտ գնտվող հողամասն էր: Գյուղի մոտակայքում գտնվող անտառային գոտին հատվել է, վերածվել է վարելահողի, այնուհետ վարձակալության հանձնվել Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորի ազգականուհուն: Բնակիչները վստահեցնում են, որ պատգամավորը մեկ տարվա ընթացքում սեփականաշնորհել է գյուղի բոլոր անտիրական հողերը, մինչդեռ գյուղացիները չեն կարողանում սեփականաշնորհել իրենց վարելահողերը: Չամդուրեցիները պատգամավորին մեղադրում են նաեւ ընտրությունների ժամանակ «Վրացական երազանքին» չաջակցած բնակիչների նկատմամբ սպառնալիքներ ու ճնշումներ գործադրելու մեջ:

Մոտ 100 գյուղացի երեկ կեսօրին հավաքվել էր՝ մի կողմից իրենց գյուղ, իսկ մյուս կողմից՝ Կարծախ տանող ճանապարհի մոտ: Հանրահավաքի պատճառը անտառային գոտին էր, որն, ըստ գյուղացիների, հատվել է երկու տարի առաջ՝ ընկուզենիներ տնկելու համար, այնուհետև որպես վարելահող վարձակալության է հանձնվել Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավոր Անդրանիկ Մուրադյանի խորթ մորը:

3 հեկտար և 4 հար հողատարածքը 49 տարով վարձակալությամբ է տրվել տարեց կնոջը: Ավելի քան մեկ ամիս առաջ գյուղացիները դիմել են 5 ատյանների` այս խնդրին ուշադրություն հրավիրելու նպատակով, այդ թվում` Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլո, քաղաքապետարան, նահանգապետարան և երկրի վարչապետին: Նրանց խոսքով, միայն Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն է պատասխանել՝ ասելով, որ այս գործողությունն օրենքի սահմաններում է:

«Մենք բողոքով Սակրեբուլոյում էինք: Պարոն Իրիցյանը մեզ չպատասխանեց: Մենք ուզում էինք իմանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել: Ինչպե՞ս են անտառագոտին վերածել 3 հեկտար վարելահողի: Եվ տվել են հենց այն մարդկանց, ովքեր գյուղում ամենաշատ հողն ունեն: Նրանք ունեն առնվազն 30 հա սեփականաշնորհված հող: Մենք չենք կարող սեփականաշնորհել մեր հողերը, նրանք պատգամավոր են, նրանց ամեն ինչ կարելի՞ է: Նրանք սեփականաշնորհել են բոլոր այն հողերը, որոնք այլ մարդիկ չէին կարողանում ապացուցել, որ իրենց է պատկանում, էլ չեմ ասում այն հողերի մասին, որոնք անտեր են, և նրանք ամեն ինչ արեցին մեկ տարվա ընթացքում: Ավելի քան մեկ ամիս առաջ մենք դիմեցինք նահանգապետին, վարչապետին՝ ոչ մի պատասխան չկա», – ասում է Չամդուրայի բնակիչը:

Բնակիչները կարծում են, որ պատգամավորը երրորդ անձանց միջոցով կարողացել է առանց խոչընդոտների այդքան շատ հողերը գրանցել իր անունով, քանի որ նա իշխող կուսակցությունից պատգամավոր Հենզել Մկոյանի հետ մտերմիկ հարաբերություններ ունի:

«Ճանապարհին հարող տարածքը փոխանցվել է Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի իշխող կուսակցությունից պատգամավորի խորթ մորը: Կինը գրեթե 80 տարեկան է: Եթե նրանք պատգամավոր են, ուրեմն կարող են ամեն ինչ անել: Ո՞վ է օգնում նրանց՝ Հենզել Մկոյանը: Պատգամավորն անձամբ իր մարդն է: Այն անձը, ում վրա գրանցված է հողը, որտեղի՞ց է: Նա մեր գյուղից չէ: Նա ոչ ընտանիք ունի, ոչ էլ երեխաներ, ում համար է իբր վերցրել այդ հողերը, 80 տարեկան հասակում», – ասում է գյուղի բնակիչներից մեկը:

Շատերը բողոքում էին, որ չեն կարողացել գրանցել Խորհրդային Միության փլուզումից հետո իրենց հասած հողամասերը:

«1995 թվականից հողատարածքը վարձակալում եմ, բայց այդպես էլ չեմ կարողացել դրանք սեփականաշնորհել: Ինչո՞ւ են այդ հողերը սեփականաշնորհել: 100 անգամ դիմել եմ: Ինչպե՞ս է ստացվում, որ մեզ՝ գյուղաբնակներիս համար, հողի սեփականաշնորհումը շատ խնդիրներ է առաջացնում, իսկ այդ հողերն այդքան արագ սեփականաշնորհվեցին: Եթե նրանք մաֆիա, կլան ունեն, և այնտեղ է ամեն ինչ որոշվում է, չէ՞: Մեկին կարելի է, մյուսին` ոչ: Որտեղ էլ, որ լինենք, ծառայությունները մեզ հետ մարդկային չեն խոսում», – ասում են Չամդուրայի բնակիչները:

hoxamas

Բնակիչները հայտարարում են, որ Վրաստանի խորհրդարանում իրենց ընտրած պատգամավորներից ոչ մեկը չի օգնում իրենց:

«Մենք Վաչիանում ունեինք 5 հար հողատարածք, բոլոր փաստաթղթերով, աերոլուսանկարներով, դիմում էինք ներկայացրել ռեեստր, որտեղից ստացանք պատասխան, որ, ըստ օրենքի, անտառի գոտին ոչ կարող է վարձակալվել, ոչ էլ, առավել ևս՝ վաճառվել: Ես դա անում էի 2 ամիս, իսկ նա վարձակալել է 3,5 հա տարածքը 49 տարի ժամկետով», – ասում է Չամդուրայի բնակիչը:

Շատերը կարծում են, որ տեղական ինքնակառավարումը բնակչության վրա ճնշման գործիք է, որպեսզի նրանք իշխող կուսակցության օգտին քվեարկեն:

«Ինչպե՞ս է ընթանում այսօր սեփականաշնորհման գործընթացը: Գնում եք քաղաքապետարանի տնտեսական բաժին: Եթե այդ անձը նրանց անձն է, ապա ընտրությունների ընթացքում վաստակը հաշվի է առնվում: Իսկ սկզբունքային մարդկանց համար, ովքեր ձայները տվել են նրանց ում ցանկացել են, խնդիրներ են ստեղծում: Մասնավորապես, նրանք ինձ համար խնդիր առաջացրեցին: Իսկ եթե դու նրանց մարդն ես, նրանք ամեն ինչ կանեն 5 րոպեի ընթացքում», – ասում է գյուղի բնակիչը:

Չամդուրայի բնակիչները կասկածում են, որ տեղական իշխանությունները՝ քաղաքապետի ներկայացուցիչ Ֆյոդոր Թորոսյանը, մասնագետ Վլադիմիր Ժամկոչյանը, չգիտեին այն մասին, որ անտառի գոտին վերածվել է վարելահողերի և վարձակալության է տրվել: Սակայն հանրահավաքին ներկա Վլադիմիր Ժամկոչյանն ասաց, որ ինքը տեղյակ չէր այդ մասին:

«Ես իմացա, որ հողը վարձակալվել է մեկուկես ամիս առաջ: Այս մասին ինձ տեղյակ չէին պահել: Ինչպե՞ս կարելի է այս հողը վարձակալել առանց որևէ ծանուցման, չեմ կարող ասել: Դուք դա կարող եք ճշտել քաղաքապետարանում: Նրանք արդեն գիտեն: Ոչ ոք ինձ չի հարցրել, ես ոչ մի ստորագրություն չեմ դրել, և ոչ ոք չի տեղեկացրել բնակչությանը: Ես հենց նոր զանգեցի քաղաքապետին, նա ասաց, որ դիմումը տեղ է հասել: Եվ նրանք կանդրադառնան այս գործին», – մեկնաբանեց Վլադիմիր Ժամկոչյանը:

Ինչպես հավաստիացնում են Չամդուրայի բնակիչները, հողի սեփականաշնորհման համար Սակրեբուլոյի պատգամավոր Անդրանիկ Մուրադյանը ներգրավել է նաև երրորդ անձի:

«Նույնիսկ Կաջո գյուղի բնակիչներից մեկը մեր գյուղում հող է սեփականաշնորհել, որը այս գյուղի հետ կապ չունի: Կաջոյի բնակչին հողը սեփականաշնորհել են, իսկ մերը՝ ոչ: Ո՞րն է պատճառը: Նա նույնիսկ չգիտեր, որ իր անունով հողամաս կա գրանցված: Դիմել եմ քաղաքապետին, նա ասում է՝ «հարցրու ձեր մասնագետին»: Բոլորն ասում են «մենք չգիտենք»: Ինչպե՞ս տեղյակ չեն, եթե վարձակալում են: Պետք է աճուրդի հանեին, մարդիկ պիտի իմանային», – ասում է Չամդուրայի բնակիչը:

Գյուղացիներն ասում են, որ վարձակալության պայմանագիրը չեղյալ հայտարարելու դեպքում պատրաստ են այս տեղում ծառեր տնկել: Նրանք պնդում են, որ ամբողջ աշխարհը ծառեր է տնկում, բայց այստեղ հակառակ գործընթացն է, և դա հանցագործություն է: Բնակիչները պահանջում են արդարություն և հանձնաժողով, որը կլինի անաչառ:

«Թող ստեղծեն անկախ հանձնաժողով, որպեսզի չամաչեն իրենց հետնորդների առաջ, թե ինչի՞ համար են նրանք ապրել: Որպեսզի հնարավորինս շատ բան խլե՞ն: Նրանք ոչ մի այլ բանի համար չեն աշխատում: Պատգամավորն ասում է, որ 4 տարի կաշխատեմ, ինչ նպատակներ ունեմ, կհասնեմ, ու կհեռանամ: Վերջ: Նա արդեն իր հայացքն ուղղել է այն հողերի վրա, որոնք չեն կարող սեփականաշնորհել նրանք, ովքեր փաստաթղթեր չունեն: Բոլորս էլ խնդրի առաջ ենք կանգնած», – ասում են բնակիչները:

JNEWS-ը հետևում է զարգացումներին և շուտով ավելի մանրամասն նյութ կհրապարակի այս խնդրի վերաբերյալ: