Այսօր, Տուրցխ գյուղի բնակիչները, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի շենքի մոտ, հանրահավաք անցկացրին, պահանջելով իրենց գյուղն ապահովել ոռոգման ջրով, ինչպես իրենց խոստացել էին:
Այսօր՝ օգոստոսի 7 -ին, ժամը 11: 00 -ի սահմաններում, Տուրցխ գյուղի մի խումբ բնակիչներ, մոտ 30 հոգի, բողոքով եկել էին Ախալքալաքի քաղաքապետարան:
Հուլիսի 29 -ին, Տուրցխ եւ Խանդո գյուղերի բնակիչներին խոստացել էին, որ ոռոգման համակարգը կբացվի, եւ նրանք ջուր կունենան:
Տուրցխ եւ Խանդո գյուղերի բնակիչները դժգոհ էին Միավորված մելիորացիոն համակարգի ընկերության աշխատանքից:
Հուլիսի 29-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում Տուրցխի և Խանդոյի բնակիչները հանդիպել էին Վրաստանի Միավորված մելիորացիոն համակարգերի Սամցխե-Ջավախքի Սպասարկման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Խմալաձեի հետ: Խոստումը հնչել էր հենց այս հանդիպմանը:
Ոռոգման համակարգը կարծես բացվել էր, բայց ջուրը Տուրցխ գյուղ այդպես էլ չի հասել, բնակիչները մեկ շաբաթից ավելի է սպասում են ջրի: Եվ այսօր նրանք որոշեցին օգնության համար դիմել քաղաքապետարան:
«Սակրեբլոյում հանդիպումից հետո մենք կազմեցինք գրաֆիկ և ըստ գրաֆիկի, երեկ առավոտյան ջուրը պետք է հասներ մեզ, բայց ջուր չկար: Առավոտյան ես գնացի Կաջո գյուղ, այնտեղի իրավիճակը տեսնելու և «ջրի հետ» գյուղ վերադառնալու նպատակով: Բայց ջուր չկար, Կաջո գյուղի բնակիչներն էին ոռոգում և մեզ համար ջուրը բաց չէին թողնում: Ոստիկաններն էլ էին այնտեղ, բայց բնակիչները ջուրը բաց չէին թողնում, ասացին, մինչև իրենց ոռոգումը չավարտեն, ջուրը չեն բացի: Հետո եկա և իմացա, որ բնակիչները գնացել են քաղաք », – ասում է Տուրցխ գյուղի լիազոր Աննա Ղևենյանը:
Բնակիչներին ընդունեցին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը եւ Ախալքալաքի քաղաքապետի տեղակալ Արմեն Մառանգոզյանը:
Ըստ Աննա Ղևենյանի, պատգամավորն ինքն է կազմել գրաֆիկը եւ խոստացել, որ իրենք կունենանք ոռոգման ջուր:
«Գրաֆիկի համաձայն, վաղը երեկոյան՝ ժամը 1: 00 -ից երկու օր ջուր կունենանք: Մի օր անասունների համար ավազանը կլցնենք, երկրորդ օրը՝ կոռոգենք: Սա մեզ չի հերիքում, բայց մեզանից հետո էլի կան գյուղեր, որպեսզի ջուրը նրանց էլ հասնի», – ասում է Աննա Ղևենյանը:
Արմեն Մառանգոզյանն ասաց, որ արդեն համաձայնության են եկել բնակիչների հետ:
«Երեկոյան, Կաջո գյուղի բնակիչները կփակեն ոռոգման ջրանցքները, և ջուրը կհասնի Լոմատուրցխ, մի օր լոմատուրցխցիները կօգտագործեն ոռոգման համար, իսկ վաղը ջուրը կհասնի Տուրցխ, մեկ օր հետո ջուրը կհասնի նաև Խանդո: Ցավոք, այսպես ստացվեց, մենք ցանկանում ենք, որ ջուրը բոլորին էլ հասնի», – ասաց Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը:
Վերջինիս խոսքով, Կաջոյի բնակիչների 91% -ն ավարտել է ոռոգումը, և ջուրն աստիճանաբար կհասնի մնացած գյուղերին:
Տուրցխ գյուղի բնակիչները շատ մեծ հույս ունեն, որ այս անգամ կպահպանվի թե՛ պայմանավորվածությունը, թե՛ գրաֆիկը: