Շուկաների դիվերսիֆիկացում, տեղական արտադրության աճ և գյուղատնտեսության զարգացում. փորձագետ Ավթանդիլ Սիլագաձեի կարծիքով, այսօր հենց այս գործոնները կարող են Վրաստանում որոշիչ դեր խաղալ արտահանման խթանման գործում։

Սիլագաձեի խոսքով, ամենամեծ խոչընդոտն արտադրության դեֆիցիտն է, քանի որ արտերկրում վաճառելու գործնականում ոչինչ չկա, և, համապատասխանաբար, երկրի արտահանումից ստացած եկամուտները դեռ շատ ցածր են։

«Այժմ Վրաստանի համար շատ կարևոր է ինչպես գործընկեր երկրների, այնպես էլ արտահանվող ապրանքների տեսակների դիվերսիֆիկացիան համար։ Օրինակ, միանգամայն ակնհայտ է, որ համաշխարհային շուկայում սննդամթերքի պահանջարկը ոչ միայն չի նվազում, այլև անընդհատ աճում է։ Ըստ այդմ՝ հնարավորություն կա ավելի շատ գյուղմթերք արտադրել և արտահանել։ Արտաքին առևտրի վիճակագրությունը վերջին տարիներին բարելավվում է, ինչը, անշուշտ, լավ է, բայց աճը հիմնականում համեմատվում է համաճարակի երկու տարիների հետ, երբ տնտեսական գործենությունը՝ կամ ամբողջությամբ, կամ մասամբ դադարեցվել էր։ Չի կարելի ասել, որ ներկա վիճակը շատ ծանր է, բայց արտահանումն ավելացնելու ներուժ կա»,- հայտարարում է փորձագետը։

Նրա խոսքով, առաջին հերթին անհրաժեշտ է առավել ակտիվ գործածել այն առավելությունները, որոնք կապված են Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագրի առկայության հետ։

«Ազատ առևտրի համաձայնագիրը պետք է դառնա արտահանման դիվերսիֆիկացման հիմնական գործոնը, հատկապես, եթե մենք ձգտում ենք դառնալ Եվրամիության անդամ։ Բայց դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է արտադրել բարձրորակ, մրցունակ ապրանքներ մեծ քանակությամբ, իսկ դա այսօր խնդիր է»,- ասում է Ավթանդիլ Սիլագաձեն։

Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալներով՝ 2022 թվականի հունվար-ապրիլին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի արտահանումը նվազել է, իսկ ներմուծումը, ընդհակառակը՝ աճել։ Մասնավորապես, 4 ամսվա ընթացքում Վրաստանից գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը կազմել է 260,8 մլն դոլար, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 268,5 մլն դոլար։

Ներմուծումն աճել է 87,5 մլն դոլարով և կազմել է 387 մլն դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ այն կազմում էր 299,6 մլն դոլար։

Աղբյուրը՝ bizzone.info