Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունն այսօր Ախալքալաքում ներկայացրեց երեք ծրագիր:
Այսօր Սակրեբուլոյի նիստերի դահլիճում Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման գործակալության ներկայացուցիչները ֆերմերներին ներկայացրեցին կոոպերատիվների զարգացմանն ուղղված երեք նոր ծրագիր:
Ծրագրերը ներկայացրեց Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման գործակալության ղեկավար Գիորգի Միշելաձեն:
Առաջին ծրագիրը դա սկզբնական կոոպերատիվների բազայի հիմքի վրա երկրորդական, մեղվապահական մեծ կոոպերատիվների ստեղծումն է: Այդ կոոպերատիվում պետք է լիեն մինիմում 35 առաջնային կոոպերատիվ: Ինչպես նաև ծրագրի շրջանակներում պետության կողմից կստեղծվի մեծ ձեռնարկություն, որը հետո կփոխանցվի կոոպերատիվին: Ձեռնարկության ստեղծումից հետո, վճարելով ծախսերի 30%-ը, կոոպերատիվները կարող են դառնալ այս ձեռնարկության սեփականատերը: 30%-ը բաժանվելու է կոոպերատիվի անդամների միջև: Նրանք գումարը վճարելու են 8 տարվա ընթացքում: Եթե երկրորդական կոոպերատիվն ունենա շատ կոոպերատիվներ, ապա վճարման գումարը բնականաբար կկրճատվի: Առաջին տարվա ընթացքում անհրաժեշտ է վճարել 30%-ի 0,5%-ը, երկրորդ տարում` 1%-ը, ու աստիճանաբար տոկոսը կավելանա:
Նախարարության երկրորդ ծրագիրը վերաբերում է անասնապահական կոոպերատիվներին: Կաթնամթերք արտադրող կոոպերատիվներին կօգնեն, որ նրանք իրենք վերամշակեն իրենց արտադրանքը: Պետությունը սարքավորումների ձեռք բերման համար կտրամադրի դրամաշնորհ, իսկ արտադրության շենքը պետք է կառուցեն հենց կոոպերատիվները:
Երրորդ ծրագրով կկառուցվի 4 խոշոր ձեռնարկություն: Նրանցից մեկը՝ պանրի և կաթնամթերքի գործարանը պետությունը կառուցելու է Ախալքալաքում: Մնացած 3-ը կառուցվելու են Ծալկայում, Դմանիսիում և Դուշեթիում:
Ձեռնարկության կառուցումից հետո, եթե նրանք վճարեն ծախսած գումարի 30%-ը, ապա այն կդառնա կոոպերատիվների սեփականությունը:
«Ծրագրերն արդեն սկսվել են: Ութ տարվա ընթացքում կոոպերատիվները կվճարեն այդ 30%-ը: Այս պահին գյուղացիները չունեն պայմաններ արտադրելու լավ, եվրոպական չափանիշներին համապատասխանող արտադրանք ու այդ ծրագրերը կօգնեն արտադրել սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասխան արտադրանք», – ասում է Գիորգի Միշելաձեն:
Գործարաններում կգործեն նաև լաբորատորիաներ:
Շուշան Շիրինյան