Ախալքալաքում բողոքում են թափառական շների ոհմակներից։ Քաղաքապետարանը պատրաստվում է տենդեր հայտարարել շներին բռնելու և ստերիլիզացնելու համար։
Ախալքալաքի բնակիչները գնալով էլ ավելի հաճախ են բողոքում թափառող շներից, որոնք ոհմակներով շրջում են ամբողջ քաղաքով՝ երբեմն հարձակվելով մարդկանց վրա կամ վախ առաջացնելով նրանց մոտ: Ոմանց համար շների ոհմակներն իսկական խնդիր է դարձել քաղաքում տեղաշարժվելու առումով, իսկ շատերն էլ վախենում են իրենց երեխաներին դուրս թողնել։
Ախալքալաքի քաղաքապետարանը բյուջեից 26 000 լարի է հատկացրել թափառող շներին բռնելու և ստերիլիզացնելու համար, սակայն մինչ օրս թափառող շներին բռնելու և ստերիլիզացնելու համար տենդերը չի հայտարարվել, իսկ պատճառը չի նշվում։
Քաղաքապետարանից հայտնում են, որ տենդերը կհայտարարվի մոտ ապագայում։ Այնուամենայնիվ, ստերիլիզացման անցկացման ժամկետները շատ կարևոր են:
«Նրանք ավելի վաղ տենդեր չէին հայտարարել, եթե այդ պրոցեդուրաները, նկատի ունեմ ստերիլիզացումը, ժամանակին կատարվի, մի թափառող շունը չի բազմանա՝ հասնելով տասի, ձագեր չի ունենա և հետո ոհմակով չի շրջի քաղաքով»,- ասում է տեղի բնակչուհիներից մեկը։
Նշենք, որ նախորդ տարի նույն նպատակով կենդանիներին բռնելու (ստերիլիզացման, ամորձատման, պատվաստման, նույնականացման և վերադարձի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև էվթանազիայի) համար հատկացվել էր 22 033 լարի։ Պարզ չէ, թե որքանով է արդյունավետ այս մեթոդը, քանի որ ամեն տարի խնդիրն արդիական է դառնում, սակայն տեղական իշխանությունները այլ ելք դեռ չեն տեսնում։