Այսօր՝ փետրվարի 9-ին, Վաչիան գյուղի մանկապարտեզը փակվել է կարանտինի պատճառով։ Մանկապարտեզի սաների մոտ կարմրուկ է գրանցվել: Մինչև փետրվարի 16-ը նախադպրոցական հաստատությունը ժամանակավոր կարանտինի է անցնելու։

Գյուղի մանկապարտեզը փակվել է Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի (ՀԱԿ) հրահանգով։ Նախադպրոցական հաստատությունում երկու երեխայի մոտ կարմրուկ է գրանցվել: Երկու երեխաներն էլ նույն ընտանիքից են։ Ինչպես հայտնում են Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնից, այլ երեխաների մոտ կարմրուկ դեռ չի հայտնաբերվել։

«Արձանագրվել են կարմրուկով վարակվելու դեպքեր, բայց մենք ստուգել ենք, այլ երեխաների մոտ վարակը չի հայտնաբերվել: Ճիշտ է, գաղտնի (ինկուբացիոն) շրջանը դեռ չի անցել: Այս պահի դրությամբ, բացի այս երկու եղբայրներից, կարմրուկի այլ դեպքեր չեն գրանցվել մունիցիպալիտետում: Ջրծաղիկի դեպքեր են գրանցվել թիվ 2 հանրային դպրոցում»,- ասում է Ախալքալաքի ՀԱԿ տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ից 11-ը կարանտինի պատճառով փակվել են Ախալքալաք քաղաքի 3 նախադպրոցական թիվ 1, թիվ 2, թիվ 3 հաստատությունները, ինչպես նաև Խանդո, Բարալեթ և Ազավրեթ գյուղերի մանկապարտեզները։ Այդ ժամանակ ՀԱԿ-ը ստուգում էր իրականացրել մունիցիպալիտետի մանկապարտեզներ հաճախելու հետ կապված և արձանագրել ցածր հաճախելիություն:

Վերջնարդյունքում, մանկապարտեզները, որտեղ ՀԱԿ-ը գրանցել է հաճախելիության 40%-ից ցածր, խորհուրդ է տվել անցնել կարանտինի։