Վրաստանի կառավարությունը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ) ընդդեմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ պահանջելով պարզաբանել նախագահի իրավունքներն ու լիազորությունները, ինչպես նաև սեփական իրավունքները։

ՍԴ դիմելու պատճառ է հանդիսացել՝ Զուրաբիշվիլիի մի շարք երկրներում կառավարության կողմից ներկայացված դեսպաններին պաշտոններին նշանակելուց հրաժարվելը, ասել է Կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։

Նա հիշեցրեց, որ Սահմանադրության համաձայն՝ դեսպանների թեկնածուների ընտրությունը իշխանության իրավասությունն է։

«Սահմանադրությունը Վրաստանի նախագահին չի տալիս ոչ գործադիր իշխանության, ոչ էլ երկրի ներքին կամ արտաքին քաղաքականությունը իրականացնելու լիազորությունները»,- հայտարարել է Ջավելիձեն։

«Վրացական երազանքը» 2018 թվականի նախագահական ընտրություններում աջակցել էր անկուսակցական թեկնածու Սալոմե Զուրաբիշվիդիի թեկնածությունը։ Մի քանի տարի անց ԶԼՄ-ները սկսել էին ավելի ու ավելի շատ տեղեկություններ հաղորդել պետության ղեկավարի և իշխող թիմի միջև տարաձայնությունների մասին:

Այս տարվա մարտին՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց անմիջապես հետո, նրանց վիճաբանությունը հրապարակային տեսք էր ստացել։ Այնուհետև, ելույթ ունենալով խորհրդարանում, Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ կառավարությունը հրաժարվել է իրեն թույլ տալ պաշտոնական այցեր կատարել Եվրոպա, ինչի պատճառով նա ստիպված է եղել ոչ պաշտոնական անձնական հանդիպումներ անցկացնել։

Այդ ժամանակ իշխող կուսակցությունը հայտարարել էր, որ կդիմի Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե երկրի նախագահն իրավունք ունի՞ առանց կառավարության համաձայնության իրականացնել արտասահմանյան այցեր։