Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Վրաստանի կառավարությունը որոշել է օգնություն ցուցաբերել բնակչության որոշակի շերտերի: Որոշ դեպքերում օգնությունը կլինի միանվագ, իսկ ոմանք էլ օգնություն կստանան մի քանի ամսվա ընթացքում:
Օգնություն ինքնազբաղվածների համար, ովքեր կորցրել են աշխատանքը
Վրաստանի կառավարությունը որոշել է որպես օգնություն վճարել 300-ական լարի՝ իրենց աշխատանքը կորցրած ինքնազբաղ քաղաքացիներին:
Ըստ վարչապետ Գիորգի Գախարիայի՝ պետության համար չափազանց դժվար է նույնականացնել այն քաղաքացիների շերտը, որոնք ոչ պաշտոնապես են աշխատել կամ իրենց համարում են ինքնազբաղ, քանի որ նրանք հաշվառված չեն ոչ մի պաշտոնական բազայում:
«Սակայն պետությունը ստանձնում է պատասխանատվություն, և այդպիսի մարդկանց հայտնաբերելուց հետո սոցիալական աջակցության ծառայության միջոցով նրանց կտրամադրվի միանգամյա օգնություն 300 լարիի չափով: Այս միջոցառման բյուջեն կկազմի մոտավորապես 75 000 000 լարի», – ասել է Գախարիան:
Ցանկացած փաստաթուղթ, որը հաստատում է, որ Վրաստանի քաղաքացին ինքնազբաղված է եղել և 2020-ի առաջին եռամսյակում եկամուտ է ստացել, կօգնի նրան պետությունից միանվագ օգնություն ստանալ:
Ինքնազբաղների նույնականացմամբ կզբաղվեն սոցիալական գործակալները, որից հետո նրանք հավանաբար կստանան միանվագ օգնություն 300 լարիի չափով:
«Դա, օրինակ, մաքրուհու համար կարող է լինել այն ընկերությունից նամակ, որտեղ նա մաքրություն է արել: Առևտրականի համար` նամակը շուկայի վարչակազմի կողմից, որտեղ նա աշխատել է: Կարող է նաև բանկից տեղեկանք լինել, որ 2020 թվականի առաջին եռամսյակում անձը ստացել է եկամուտ: Դա մեզ համար բավարար կլինի», – հայտարարել է Գախարիան լրագրողներին:
Օգնություն նրանց, ովքեր պաշտոնապես աշխատել են և կորցրել են իրենց աշխատանքը
Քաղաքացիները, ովքեր կորցրել են աշխատանքը և անվարձահատույց արձակուրդում են, կստանան օգնություն 200 լարիի չափով: Խոսքը պաշտոնապես աշխատող 350 հազար քաղաքացիների մասին է, ովքեր վեց ամսվա ընթացքում կկարողանան ամսական ստանալ 200 լարի նպաստ: Դրա համար բյուջեից հատկացվել է 460 միլիոն լարի:
Օգնություն սոցիալապես անապահով և սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների համար
Բացի այդ, պետությունը կտրամադրի օգնություն նաև սոցիալապես անապահովներին: Ըստ վարչապետի՝ այն ընտանիքները, որոնք 65 հազարից 100 հազար միավոր ունեն բարեկեցության սանդղակում, վեց ամսվա ընթացքում մոտ 600 լարի օգնություն կստանան:
Նույնչափ օգնություն է նախատեսված երեք կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին, եթե նրանց միավորները՝ բարեկեցության սանդղակում՝ մինչև 100 հազարն է, և արտահայտված սահմանափակ կարողություն ունեցող անձանց: Նման օգնության համար բյուջեն նախատեսում է 83 միլիոն լարի: