Մոտ 6 խոր/մ տարողությամբ մեծ աղբամանները սկսել են տեղադրել մունիցիպալիտետի գյուղերի ծայրամասերի մոտակայքում։ Այսօր Ախալքալաքի սպասարկման կենտրոնը աղբամանը տեղադրեց Օլավերդ գյուղում։ Վաղը կտեղադրվի Մոդեգամ գյուղում։ Շաբաթվա ընթացքում Սպասարկման կենտրոնը նախատեսում է տեղադրել 8 աղբաման։

Մեծ աղբամանները տեղադրվում են «ավազե բարձիկի» վրա։ Աղբամանները կտեղադրվեն հետևյալ գյուղերում՝ Խավեթ, Աբուլ, մեկը՝ Մեծ և Փոքր Սամսարներում, Ազավրեթ, Վարևան, Ալաստան, Խանդո և Դիլիսկա գյուղերում։

Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, դրանք տեղադրվում են այն գյուղերում, որտեղ իրականացվում է ճանապարհների լցոնում և հարթեցում։

«Զուգահեռաբար գյուղերում ճանապարհները լցնում են և հարթեցնում, մենք տեղադրում ենք աղբամաններն այն գյուղերում, որտեղ ճանապարհը կարգի է բերվում: Քանի որ փոսերը շատ են, մեր նոր աղբատարը կարող է փչանալ», – ասաց Մխիթար Ռստակյանը։

Այս աղբամանները սպասարկվելու են Վրաստանում Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհով գնված նոր աղբատար մեքենայով։ Մեծ աղբամանները տեղադրվում են գյուղերի ծայրամասերում, կա ընդհանուր 9 աղբաման, տեղադրվելու է 8-ը, մեկ աղբամանը միշտ դատարկ է լինելու, դրանով լցվածը փոխարինելու համար։