Ապրիլի 27-ին, Ախալքալաքի բերդի դիմացի հրապարակում հայկական ժողովրդական պարերով նշվեց պարի Միջազգային օրը, որը նշվում է ապրիլի 29-ին:
Պարի բաց դասին մասնակցեցին պարուսույց Նասլետ Քեյանի պարային համույթները՝ Վաչիան, Դամալա, Կարծախ, Բարալեթ և այլ գյուղերից: Պարում էին նաև այլ պարային համույթներ քաղաքից և գյուղերից: Երեխաները պարեցին Կարնո քոչարի, յարխուշտա…
«Սամցխե-Ջավախքի հանրային զարգացման ասոցիացիայի» կողմից կազմակերպված միջոցառմանը, որը կրում էր «Երբ պարում է Ջավախքը» անվանումը, իրենց ներկայությամբ պատվեցին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Սակրեբուլոյի պատգամավոր Հակոբ Չախմախչյանը և ուրիշներ: Քիչ անց նրանց միացավ Վրաստանի խորհրդարանում Ջավախքը ներկայացնող պատգամավոր Հենզել Մկոյանը և ՀԱԵ-ի հոգևորականներ: Հենզել Մկոյանն իր ելույթում նշեց, որ հաջորդ տարի պարի միջազգային օրը կնշվի Ախալքալաքի վերակառուցված ամրոցում: Հետո պաշտոնյաները միացան պարող երեխաներին և բարձր երաժշտության ներքո սկսեցին պարել քոչարի:
Ցավով պետք է նշել, որ այս պահին Ախալքալաքի բերդն ավելի շատ հիշեցնում է աղբավայր, ախոռ և արոտավայր: Պատմական հուշակոթողի տարածքում կովեր են արածում, իսկ հեռագնաց վարորդների համար ծառայում է որպես զուգարան: