Այսօր՝ մայիսի 15-ին, Ախալքալաքում նշեցին Ընտանիքի օրը։
Ընտանիքի օրվա տոնակատարությունն անցկացվեց «Խաս Բախչա» քաղաքային զբոսայգում։ Այնտեղ մարդաշատ էր, միացված էին շատրվանները։ Երեխաների համար միջոցառումներ կային, նկարել ցանկացող երեխաների համար Գեղարվեստի դպրոցը տրամադրել էր իր մոլբերտները:
Համերգային ծրագրին մասնակցեցին մանկապարտեզների սաները, «Մուրջի» և «Ջավախք» համույթները և Կարտիկամ գյուղի «Arev evolution dance» մանկական համույթը, համերգային ծրագիրը եզրափակեց երաժիշտ Տիգրան Մղդեսյանը՝ սաքսոֆոն նվագելով։
Ներկայացմամբ հանդես եկավ նաև «Պույ-Պույ» տիկնիկային թատրոնը։
Ընտանիքի օրվա շրջանակներում անցկացվեց ստեղծագործությունների ցուցահանդես, ինչպես նաև շարադրությունների մրցույթ, որի հաղթողները պարգևատրվեցին։
Այս տոնը լայնամասշտաբ նշելու գաղափարը պատկանում է Ախալքալաքի Սակրեբուլոյին կից Գենդերային հավասարության խորհրդին։ Սակրեբուլոյի պատգամավոր Սեդա Մելքումյանի խոսքով՝ գաղափարը փոխանցվել էր քաղաքապետարանին, որն էլ իր ծառայությունների օգնությամբ կազմակերպել էր այս տոնը։
«Ելնելով այն հանգամանքից, որ գենդերային հավասարությունն իր մեջ պարունակում է նաև տարաբնույթ միջոցառումներ, մեր ռազմավարությունում ու աշխատանքային պլանում նշած են նաև տարբեր միջոցառումների անցկացումը։ Մենք որոշել ենք այս տարի՝ համավարակից հետո, նորմալ կյանքը սկսել ինչ-որ միջոցառումներով։ Գենդերային հավասարության տեսակետից Ընտանիքի օրը շատ խորհրդանշական է: Այս օրվա ծանրաբեռնվածությունը շատ կարևոր է՝ ելնելով նրանից, որ մեր հասարակության մեջ ընտանիքը սրբություն է»,- ասաց Սեդա Մելքումյանը։
Քրիստինե Մարաբյան