Ախալքալաքի մունիցիպալիտետում՝ Կորխ, Օրջա և Դիլիսկա գյուղերի տարածքում կառուցվում է երկու հիդրոէլեկտրակայան, որի շինարարությունն իրականացնում է «Աիսի» ՍՊԸ-ն: Ընկերությունն այս գյուղերից յուրաքանչյուրում կկառուցի և կբարելավի ենթակառուցվածքները: Արդեն Օրջայի և Դիլիսկայի բնակիչների հետ հուշագիրը ստորագրվել է, բայց Կորխ գյուղի բնակիչների հետ դեռ՝ ոչ:

«Աիսի» ՍՊԸ-ն Փարվանա գետի վրա և Կորխ գյուղի մոտակայքում գտնվող գետի վտակի վրա կառուցում է «Ախալքալաք 1» և «Ախալքալաքի 2» հիդրոէլեկտրակայանները: Սկզբում երեք գյուղերի` Կորխի, Օրջայի և Դիլիսկայի բնակչությունը դեմ էր հիդրոէլեկտրակայանների կառուցմանը, հատկապես Կորխ գյուղի բնակիչները: Ընկերության ներկայացուցիչները բազմիցս հանդիպել են այս գյուղերի բնակչության հետ և խոստացել են գյուղերում կառուցել այն, ինչ նրանք կպահանջեն:

Ընկերությունն արդեն հուշագիր է ստորագրել Օրջա և Դիլիսկա գյուղերի հետ, բայց Կորխի հետ՝ դեռ ոչ: Ըստ «Աիսի» ընկերության տեղեկատվության, գյուղի համայնքը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ են ուզում, որ ընկերությունն իրենց գյուղում կառուցի: Կորխ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Մեսրոպ Իրիցյանի խոսքով, նրանք լրացուցիչ երաշխիքներ են ուզում, որ ընկերությունն իրենց չխաբի:

Կորխ գյուղի բնակիչների շրջանում սկզբում տարաձայնություններ կային, մարդիկ չէին կարողանում ընտրություն կատարել անասունների համար ջրամբարի և մարզահամալիրի միջև: Արդյունքում, «Աիսի» ընկերությունը, բնակիչների պահանջով, խոստացավ Կորխ գյուղում կառուցել մարզասրահով, տիպային մարզահամալիր:

Կորխ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Մեսրոպ Իրիցյանն ասում է, որ բնակչությունը դեռ ուսումնասիրում է հուշագիրը, նրանք ուզում են համոզվել, որ հուշագիրը ճիշտ է կազմված, որպեսզի հետագայում գյուղի բնակչությունը չտուժի:

«Այժմ ժողովուրդն ուսումնասիրում է հուշագիրը, թե որքանով ճիշտ է այն կազմված, որպեսզի հետագայում խոստացված մարզահամալիրի շինարարությունն անավարտ չմնա, ուստի նրանք դիմել են մարզպետին և պատգամավորին, որ Թիֆլիսում հանդիպեն «Աիսի» ընկերության ներկայացուցիչների հետ և նորից ճշտեն հուշագրի պայմանները, որպեսզի գյուղացիները չխաբվեն: Մարդիկ ուզում են վստահ լինել, որ ամեն ինչ կարվի այնպես, ինչպես խոստանում են», – ասում է Մեսրոպ Իրիցյանը:

Ըստ նրա, իրենք այժմ սպասում են, որպեսզի Սամցխե-Ջավախքի մարզպետ Բեսիկ Ամիրանաշվիլիին հավաստիացնի, որ ամեն ինչ նորմալ է, և նրանք ստորագրեն հուշագիրը:

Բնակչությունը լրացուցիչ երաշխիքներ է փնտրում, որպեսզի ընկերությունը հիդրոէլեկտրակայանի կառուցումից հետո չհրաժարվի մարզահամալիրը կառուցելուց:

«Գյուղը 100%-ոց երաշխիք է ուզում, գյուղացիներն առաջարկել են, որ ընկերությունը նախ կառուցի մարզահամալիրը, ապա` ՀԷԿ-ը: Այժմ մենք առաջարկում ենք զուգահեռ կառուցել և հիդրոէլեկտրակայանը, և մարզահամալիրը », – ասում է Մեսրոպ Իրիցյանը:

Դիլիսկա գյուղում ՍՊԸ «Աիսի»-ն իրականացնելու է մի շարք ենթակառուցվածքային աշխատանքներ: Ըստ Դիլիսկա գյուղի մասնագետ Բաբկեն Նահատակյանի, իրենց բոլոր պահանջները արտացոլվել են հուշագրում:

«Նրանք պարտավորվել են կառուցել 2800 մ ջրատար գիծ՝ Մաջադիայից մինչև մեր գյուղ, ասֆալտապատել դեպի գերեզմանատուն տանող ճանապարհը, հարթել գերեզմանատան առջևի տարածքը և ոռոգման ժամանակ՝ հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ը, դադարեցնել հիդրոէլեկտրակայանի աշխատանքը, որպեսզի մենք կարողանանք ոռոգել մեր դաշտերը», – ասում է Բաբկեն Նահատակյանը:

Օրջա գյուղի համար կկառուցվեն անասունների համար պոմպով երկու ջրամբար:

«Մենք ստորագրել ենք հուշագիրը, նրանք անասունների համար կկառուցեն երկու ջրամբար՝ ջրի պոմպով, իսկ գյուղի երիտասարդության համար գետում լողավազան կկառուցեն», – ասում է Օրջա գյուղի մասնագետ Ռոբերտ Արևյանը:

Օրջա և Դիլիսկա գյուղերի հուշագիրը ստորագրվել է 2020 թվականի հուլիսի 14-ին՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի շենքում:

Ըստ հուշագրի, ՍՊԸ «Աիսի»-ն յուրաքանչյուր գյուղում կկառուցի այն, ինչ պահանջում է բնակչությունը:

«Օրջա և Դիլիսկա գյուղերը արդեն ստորագրել են, Կորխը դեռ չի ստորագրել, բայց սա տեխնիկական հարց է, և շուտով նրանք էլ կստորագրեն», – մեկնաբանեց Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը:

«Մենք պայմանագիր ենք ստորագրել Դիլիսկայի և Օրջայի հետ, իսկ Կորխում սկզբում ուզում էին ջրամբար անասունների համար, բայց հետո մարզահամալիր խնդրեցին, նրանք դեռ հուշագիրը չեն ստորագրել և ժամանակ են պահանջել, ցանկանում էին նորից քննարկել ընտրված նախագիծը գյուղացիների հետ: Եվ մենք սպասում ենք: Մենք գրեթե միաժամանակ կսկսենք և սոցիալական նախագծերը գյուղերում, և հենց հիդրոէլեկտրակայանի կառուցումը », – մեկնաբանում են ընկերությունից:

Ընկերությունից ստացված տեղեկատվության համաձայն, նրանք կսկսեն աշխատանքն այն ժամանակ, երբ Կորխ գյուղը հուշագիրը ստորագրի և մունիցիպալիտետը տա թույլտվություն:

Ախալքալաքում 2 նոր ՀԷԿ կկառուցվի

Ախալքալաքի նոր ՀԷԿ-երը և Ինչից է վախենում բնակչությունը