Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանում Եվրահանձնաժողովի ղեկավար Կարլ Հարցելին է փոխանցել ԵՄ անդամակցության համար լրացված հարցաթերթիկի երկրորդ մասը։
Սա թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու պարտադիր ընթացակարգի մի մասն է: Հարցաթերթիկի առաջին մասը պարունակում էր մինչև 400 հարց, երկրորդը՝ մոտ երկու հազար։
«Ընդհանուր առմամբ յոթ գիրք է ձևավորվել, և ես ուրախ եմ դրանք ձեզ փոխանցել։ Մենք անհամբեր սպասում ենք Եվրահանձնաժողովի և նրա անդամ երկրների որոշմանը»,- ասել է վարչապետը։
Կարլ Հարցելը նշել է, որ հաջորդ քայլը կլինի Վրաստանի հայտադիմումի առնչությամբ Եվրահանձնաժողովի եզրակացությունը։
«Գործընթացը բավականին ուղղագիծ է: ԵՄ խորհուրդը Եվրահանձնաժողովին խնդրել է մեկնաբանել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ կապված իրավիճակը, ինչպես նաև ԵՄ-ի հանդեպ հետագա պարտավորություններ ստանձնելու նրանց պատրաստակամությունը»,- ասել է Հարցելը։
Վրաստանն ու Մոլդովան ԵՄ-ին անդամակցելու հայտը ներկայացրել էին մարտի 3-ին՝ Ուկրաինայից հետո։
Մինչ այս Վրաստանի կառավարությունը մտադիր էր ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտը ներկայացնել 2024 թվականին ։
Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան Արևելյան գործընկերության ծրագրի անդամներ են, որոնք հավակնում են դառնալ Եվրամիության լիիրավ անդամ։ Հետխորհրդային երեք երկրները ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր են ստորագրել, օգտվում են ազատ առևտրի գոտիներից և առանց վիզայի ռեժիմից։ 2021 թվականի մայիսին նրանք հայտարարել են «ասոցացված եռյակի» ձևաչափի ստեղծման մասին, որը ենթադրում է ավելի սերտ համակարգում Թբիլիսիի, Կիևի և Քիշնևի միջև՝ ուղղված ԵՄ-ի հետ ընդլայնված համագործակցությանը։
Ինչպես հայտերը կքննարկեն հետագայում
Առաջին հարցաշարը, որն առաջարկվել է դիմորդ-երկրներին, բաղկացած է քաղաքական և տնտեսական մասերից՝ կենտրոնանալով դատական համակարգի անկախության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանման վրա:
Երկրորդ մասը հատկացված է ԵՄ իրավունքին, որը կոչվում է acquis: Նպատակը պարզելն է, թե երկրում ինչ իրավական նորմեր ու կանոններ են գործում եւ որքանով է դրանցում ներդրված եվրոպական օրենսդրությունը։ Սրանք այն գլուխներն են, որոնց շուրջ պետք է հետագայում վարվեն ԵՄ անդամակցության բանակցությունները, ինչպիսիք են ապրանքների ազատ տեղաշարժը, հարկային համակարգը կամ շրջակա միջավայրն ու կլիմայի փոփոխությունը:
ԵՀ-ն իր եզրակացությունը կհրապարակի եվրահանձնակատարների խորհրդի կողմից այն հաստատվելուց հետո։
Հավանական է երկու տարբերակ՝ առաջարկել թեկնածուի կարգավիճակ ընձեռել, կամ մի շարք առաջարկություններ տալ, եթե Բրյուսելում որոշեն, որ երկիրը պատրաստ չէ: Ժամանակին հենց այդպես տեղի ունեցավ Բոսնիա և Հերցեգովինայի հետ ՝2019 թվականին, և երկիրը դեռ համարվում է միայն պոտենցիալ թեկնածու։
Եվրահանձնաժողովը չունի հստակ ժամկետներ, որոնց ընթացքում պարտավոր է եզրակացությունը պատրաստել։ Փորձագետներն ակնկալում են, որ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ԵՄ-ն չի հետաձգի հարցաթերթիկների վերաբերյալ եզրակացությունների պատրաստումը։
Կարևոր շրջան է հունիսի վերջը, հունիսի 23-24-ը Բրյուսելում տեղի կունենա ԵՄ գագաթնաժողովը։ Սա ամենավաղ ժամկետն է, երբ կարող են քննարկվել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի թեկնածուների կարգավիճակի հարցերը։ Հակառակ դեպքում ամեն ինչ հնարավոր է տեղափոխվի մինչ աշուն։Մինչ ամառային գագաթնաժողովը հասցնելու համար Եվրահանձնաժողովը պետք է իր կարծիքը հրապարակի հունիսի առաջին կեսին։
Հաջորդ քայլը
Եվրահանձնաժողովի դրական եզրակացությունը դեռ չի նշանակում անդամակցության թեկնածուի կարգավիճակի ընձեռում: Դրանից հետո հարցը քննարկման է ներկայացվում ԵՄ անդամ երկրներին, որոնք էլ վերջնական որոշումն են կայացնում։
Սա պահանջում է նրանց կոնսենսուսը բոլոր փուլերում:
Ֆորմալ թեկնածուի կարգավիճակ տալու մասին որոշումը կայացնում է ԵՄ խորհուրդը։ Բայց համաձայնությունը պետք է անպայման տրվի ԵՄ գագաթնաժողովում։ Դեռ պարզ չէ՝ այս հարցը դեռ կքննարկվի Եվրամիության խորհրդի, թե անմիջապես անդամ 27 երկրների ղեկավարների կողմից, գրում է DW/-ն ՝նշելով, որ թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո ԵՄ-ին անդամակցելու հիմնական աշխատանքը դեռ նոր է սկսվում, և նույնիսկ շատ արագ տեմպերի դեպքում դա երկար տարիներ կպահանջի։