Թբիլիսիի երկաթուղային, տրանսպորտային քոլեջում Ախալքալաքի մունիցիպալիտետից ընդամենը 4 ուսանող կա։ Նոր ուսումնական տարվա ուսանողների ընդունելությունն արդեն սկսվել է։
Թբիլիսիի երկաթուղային քոլեջը բացվել է 2019թ.֊ին։ Ախալքալաքի մունիցիպալիտետից քոլեջում սովորում է չորս հոգի։ Վերջիններս քոլեջը կավարտեն այս տարվա հուլիսին։
Երկաթուղային քոլեջն ավարտած ուսանողներին ավտոմատ կերպով, լավ բնութագրի դեպքում, աշխատանքի կընդունեն «Վրաստանի երկաթուղիներ» ՍՊԸ-ում:
«Ամեն ինչ կախված է բնութագրից, քոլեջի շրջանավարտներին առաջարկում են ծրագրի ղեկավարները, դասախոսները, ամեն ինչ կախված է պրակտիկայից, ինչպես նրանք դա կանցնեն։ Հիմա նրանք պրակտիկա են անցում, հետո կլինի քննություն, կավարտեն հուլիսի վերջին, և այդ ժամանակ պարզ կլինի, թե ով ավտոմատ կերպով կընդունվի աշխատանքի»,- ասացին Երկաթուղային քոլեջի վարչակազմից։
Երկաթուղային քոլեջում ուսումը տևում է երկու տարի։
Ախալքալաքցիներն անհամբեր սպասում էին այս քոլեջի բացմանը, որպեսզի սովորեն, ապա աշխատանքի անցնեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղում։
2019 թվականին, երբ երկաթուղային քոլեջը Ախալքալաքում ներկայացրեց ծրագիրը, նշվեց, որ քոլեջը համագործակցության հուշագիր է ստորագրել «Մարաբդա-Կարծախ երկաթուղի» ՍՊԸ-ի հետ, որպեսզի քոլեջի ուսանողներն ուսմանը զուգահեռ, աշխատեն ԲԹԿ-ում։ Ինչպես նաև, ըստ նրանց, իրենք բանակցում էին «Մարաբդա-Կարծախ» ՍՊԸ-ի հետ, Ախալքալաքում քոլեջի մասնաճյուղ բացելու ուղղությամբ, սակայն անցել է երեք տարի, և մասնաճյուղը դեռ չի բացվել, ավելին, քոլեջի ուսանողները չեն կարող պրակտիկա անցնել ԲԹԿ երկաթուղում և այնտեղ ավտոմատ կերպով աշխատանքի անցնել՝ «լավ բնութագրի պարագայում»։
Ինչու քոլեջի և «Մարաբդա-Կարծախ» ՍՊԸ-ի միջև համագործակցությունը չշարունակվեց, ինչպես ակնկալվում էր 2019 թվականին, Jnews-ը կփորձի պարզել և իր ընթերցողին ներկայացնել հաջորդ նյութերում։
Քոլեջում ուսանողների նոր ընդունելությունը հայտարարվել է օրերս և կտևի մինչև օգոստոսի 22-ը։
Օգոստոսի 22-ից հետո հայտնի կդառնա, թե արդյոք քոլեջում կրկին ուսանողներ կլինեն Ախալքալաքի մունիցիպալիտետից։
Տեղացիները հնարավորություն ունեն սովորելու եւ աշխատելու երկաթուղային մասնագիտությամբ