Ծռատոնի օրը, ինչպես ամեն տարի, այս տարի էլ սկսվեց անձրևով, բայց դա խոչընդոտ չհանդիսացավ խանդոցիներին խնդությամբ նշել այս տոնը։
Ծռատոնը խանդոցիների համար յուրահատուկ նշանակություն ունի: Ամեն տարի այս օրը գյուղի բնակիչները անկախ տարիքից հավաքվում են Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ, որն անվանում են «Ծռատոնի վանք»: Երգով, պարով և բարձր տրամադրությամբ տոնախմբությունը ապահովում են գյուղի ավարտական դասարանի աշակերտները։
Տոնին մասնակցելու են գալիս նաև շրջանի տարբեր գյուղերից երիտասարդներ, «աղջիկ տեսնելու են գալիս», – ծիծաղում են մեծահասակները։
Ըստ լեգենդի, Ծռատոնին 7 անգամ անձրև է գալիս, տեղացիները ասում են, որ այս օրը յուրահատուկ է, պետք է որևէ գործողություն կատարելիս շատ զգույշ լինել, առանձնապես ուշադիր պետք է լինեն նրանք, ում տանը հղի կին կա։
«Մեզ մեր մեծերից փոխանցվել է ավանդույթ, որի համաձայն, հղի կինը այս օրը գործ չպիտի անի, որովհետև երեխան կարող է արատով ծնվել, կամ նշան ունենալ մարմնի վրա, օրինակ, տարիներ առաջ իմ բարեկամը հղի վիճակում շորը քամել և գցել էր ուսին, երեխան ուսին խաչի նշանով ծնվեց», – Jnews-ին պատմում է Խանդո գյուղից տիկին Գոհարը։
Լեգենդին այստեղ շատերն են հավատում։
«Այսօր Ալվարդ տատին էր պատմում, ասում է հղի էր եղել, հատուկ այս օրը եկեղեցում տերևը դրել էր թևի տակ, տղան՝ Սասունը ծնվել է նույն տերևի նշանը թևի տակ», — պատմում է գյուղի կանանցից մեկը։
Մյուսն էլ կիսվում է իր սեփական փորձով.
«Ես այս օրը իմ հղի բարեկամի վզից տերև եմ գցել, հատուկ արեցի, երեխան ծնվեց մեջքին տերևի նշանով»։
Կանանց խոսքով, ծռատոնի օրենքները խախտելուց, հավանական հետևանքներից խուսափել կարելի է պատի կողմը շրջված դեպի հետ գարին նետելով, ընթացքում պետք է ասել՝ «ինչ ծուռ գործ եմ արել շիտկիր»։
Հասարակության շրջանում տարածված այս տոնը, չնայած ոչ մի կապ չունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցի և տոների հետ, իր մեջ մեծ հավատ է պարունակում։