Հունվարի 7-ին Ախալքալաքի ուղղափառ հավատացյալները նշեցին Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը: Նրանք քայլում էին Ախալքալաքի փողոցներով և քաղաքի բնակիչներին շնորհավորում տոնի առթիվ, ինչպես նաև մտնում էին տները և օրհնում բոլորին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:
Ուղղափառ աշխարհն երեկ նշում էր քրիստոնեական ամենամեծ տոներից մեկը՝ Սուրբ Ծննդյան տոնը: Այդ օրը Վրաստանի քաղաքներում տեղի է ունենում հանդիսավոր երթ «Ալիլո»:
Ախալքալաքում երթն իր մեկնարկը սկսեց Վրացական եկեղեցուց, մոտավորապես ժամը 12-ին: Ուղղափառները երգով և Վրաստանի և Վրաց Ուղղափառ եկեղեցու դրոշներով քայլում էին փողոցներով ու շնորհավորում բնակիչներին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: Երեխաները փողոցներում բոլորին բաժանում էին Վրաստանի Պատրիարք Իլիա Երկրորդի շնորհավորանքով բացիկներ: Նրանք մտնում էին նաև քաղաքի խանութները ու բաժանում շնորհավորանքներով բացիկները:
Ախալքալաքում, արդեն տասը տարի է ուղղափառ հավատացյալները նշում են «Ալիլո» տոնը:
«Վերջին տարիներին մեր Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Վրաստանում վերականգնեց այս ավանդույթը, որը Վրաստանում կար: Բոլոր քաղաքներում և գյուղերում մենք փողոցներով քայլում ենք և շնորհավորում բոլորին, ու այս տոնը կոչվում է «Ալիլո», – ասում է Հայր Ալեքսանդրը:
Հայր Ալեքսանդրը և երթի մյուս մասնակիցները մտնում էին տներն ու օրհնում, իսկ տանտերերը բոլորին հյուրասիրում էին քաղցրավենիքներով: Օրհնությունից հետո երթը շարունակվում էր:
Երթն ավարտվեց Ախալքալաքի վրացական եկեղեցու մոտ՝ զանգերի ղողանջով: