Ախալքալաքի մունիցիպալիտետի Ղադոլար գյուղում գործում է Մեքենայացման և անասնաբուծական շարժական սպասարկման կենտրոն, այդ թվում՝ շարժական լաբորատորիան և զոոտեխնիկական դեղատունը։ Կենտրոնը մասնակցել է ԵՄ ENPARD-2 ծրագրի Local Action Group-ի (LAG) շրջանակներում դրամաշնորհային մրցույթին և շահել 32000 լարիի չափով դրամաշնորհ:

Կենտրոնը դրամաշնորհ է շահել մունիցիպալիտետում անասնաբուժական ծառայության զարգացման համար։ Ըստ նախագծի, կենտրոնը պետք է կատարի անասունների պատվաստում, ինչպես նաև կովերի և խոզերի արհեստական բեղմնավորում։ Տեխնիկայով հագեցած, շարժական լաբորատորիան նույնպես բացվել է այս ծրագրի շրջանակներում։ Դրամաշնորհը շահել է անասնաբույժ Արման Հարությունյանը, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով կենտրոնում այս պահին կատարվում են միայն պրոֆիլակտիկ պատվաստումներ։

Արման Հարությունյանի խոսքով, իրենք հիմնականում աշխատում են Կաջո, Ալաթուման, Բեժանո, Կոթելիա գյուղերի խոշոր ֆերմերների հետ։

«Մենք 30-40 կով կամ խոզ ունեցողների հետ ենք աշխատում, պրոֆիլակտիկ պատվաստումներ ենք անում, որը պետությունը պարտադիր չի համարում»,- ասում է Արմանը։

Նրա խոսքով, մունիցիպալիտետում անասունների արհեստական բեղմնավորման պահանջարկ կա, քանի որ ֆերմերները ցանկանում են փոխել անասունների ցեղատեսակը։ Նա կարծում է, որ շրջանում անասունների ցեղատեսակի փոփոխությունը նույնիսկ պարտադիր է։

«Մեր շրջանում արդեն անհրաժեշտ է սկսել կովերի և խոզերի արհեստական բեղմնավորումը, քանի որ գոյություն ունեցող ցեղատեսակներն այլևս արդյունավետ չեն: Արհեստական բեղմնավորումից հետո կաթի և մսի արտադրողականությունը, ինչպես նաև յուղայնությունը կբարձրանա 35-40 %-ով»,- ասում է Արման Հարությունյանը։

Արմանը նախատեսում էր, Ախալքալաքում, անասունների և խոզերի արհեստական բեղմնավորման գործընթացը սկսել 2019 թվականի վերջին, սակայն դա հապաղեց համավարակի պատճառով, նա չկարողացավ սերմնանյութի նոր նմուշներ բերել արտերկրից։

«Վրաստանում արտադրվող նյութի համար երաշխիքներ չեն տալիս, չեն երաշխավորում որակը, ուստի մենք չենք ցանկանում, որ աշխատանքի մեկնարկը անհաջող լինի, քանի որ սա բիզնես է, և մենք չենք ցանկանում կորցնել հաճախորդների վստահությունը առաջին իսկ փորձից, սա մեր բիզնեսի վրա վատ կանդրադառնա: Ճանապարհները, սակայն, արդեն բացվում են, և սերմնանյութը ներկրելու ենք արտերկրից: Այնտեղ ամեն ինչ սերտիֆիկացված է և պատասխանատու են որակի համար»,- ասում է Արման Հարությունյանը։

Չնայած համավարակը խոչընդոտեց անասունների արհեստական բեղմնավորման զարգացմանը, բայց զոոտեխնիկական դեղատունը, ըստ Արմանի, ավելի լավ էր աշխատում համավարակի ժամանակ, քան դրանից առաջ։

«Շատ դեղատներ փակվել էին, և հարևան գյուղերի բնակիչները գալիս էին մեր դեղատուն գնումներ անելու: Համավարակի ժամանակ մեր դեղատունն ավելի լավ էր աշխատում, քան համավարակից առաջ»,- ասում է Արմանը։

Շրջանում այս լաբորատորիայի հայտնվելով ֆերմերները հնարավորություն կստանան փոխել անասունների ցեղատեսակը, օրինակ, որպեսզի կովը շատ կաթ տա՝ ստանան կաթնատու ցեղատեսակ, իսկ մսի պարագայում՝ մսատու ցեղատեսակ: