Պտենա և Չունչխա գյուղերի հողագործները ովքեր ապահովագրել են իրենց բերքը, պահանջում են, որ ապահովագրական ընկերությունները փոխհատուցեն կարկտահարության վնասը, նրանք գոհ չեն «Այ Սի Գրուպ» ապահովագրական ընկերության գյուղատնտեսների գնահատականից:
Ախալքալաքում Պտենա և Չունչխա գյուղերի հողագործները մեծ վնասներ են կրել կարկտահարությունից, որը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 10-ին: Կարկուտը փչացրել է նրանց կարտոֆիլի և հացահատիկի դաշտերը: Հողագործների մեծամասնությունը իրենց բերքը ապահովագրել են «Այ Սի Գրուպ» ապահովագրական ընկերությունում, որն ապահովագրել է միայն կարտոֆիլի բերքը: Գյուղատնտեսները եկել են և տեղում գնահատել կրած վնասը: Պտենա և Չունչխա գյուղերի հողագործները գոհ չեն վնասի տոկոսներից, որը սահմանել են ապահովագրական ընկերության գյուղատնտեսները, ըստ նրանց, գնահատականը ոչ օբյեկտիվ է:
Չունչխա գյուղից հողագործը, ով չցանկացավ ներկայանալ, մշակել էր 60 հար կարտոֆիլ, որը կարկուտը հուլիսի 10-ին փչացրեց:
«Ոմանց գնահատել են շատ, ոմանց` քիչ: Իմ վնասը գնահատեցին 25%: Կարկուտը ամեն ինչ փչացրեց, ես վրդովվեցի, իսկ նրանք պատասխանեցին, որ չեն կարող ավելին տալ: Ես հավանաբար հաջորդ տարի այլևս չեմ ապահովագրի: Եթե ամբողջ բերքը փչացել է, իսկ նրանք տալիս են 25%, դուք գոհ կլինեիք: Սերմերը ես գնել եմ 3 լարիի», – ասում է հողագործը:
Նոդար Շամանիձեն Չունչխա գյուղից է, նա նույնպես գոհ չէ գնահատման տոկոսներից: Կարկուտը վնասել է 1 հա կարտոֆիլի դաշտ:
«Իմ կրած վնասը գնահատել են 18%, բայց կարող էին տալ 40-45%: Այն, ինչ նրանք գնահատեցին, իհարկե քիչ է», – ասում է Նոդար Շամանիձեն:
Կարկուտը ավերել է Ամիրան Մարգոիձեի 1 հա կարտոֆիլի դաշտերը, բայց նրան ընդհանրապես փոխհատուցում չեն տվել:
«Միայն կինս էր տանը, նրանք ոչ մի տոկոս չեն տվել: Ասել են վերականգնեք դեղորայքով: Բայց այստեղ արդեն դեղորայքը չի օգնի: Կարկուտը վնասել է նաև մեր գարու արտը, սակայն ընկերությունը ընդհանրապես հրաժարվել էր ապահովագրել հացահատիկայինները», – ասում է Ամիրան Մարգոիձեն:
Գուգուլի Շավաձեին Պտենա գյուղից դուր չի գալիս այն, որ ապահովագրական ընկերությունը գումարը անմիջապես չի վճարում:
«Իմ արտերը գնահատել են 20%-ով վնասված, բայց վատ է, որ վճարելու են աշնանը: Ասացին տեսնենք, թե որքան կարժենա կարտոֆիլը աշնանը: Անցյալ տարի ընդհանրապես մարդկանց ամանորին մոտ գումարը տվեցին», – ասում է Գուգուլի Շավաձեն:
Շրջանային ժողովի (Սակրեբուլո) պատգամավոր Զաուրի Պաքսաձեն մասնագետների գնահատականից քիչ թե շատ գոհ է:
«Իմ երեք հողատարածքը կարկուտից տուժել է: Ապահովագրական ընկերության գյուղատնտեսները գնահատել են 50%, 40% և 90%, համապատասխանաբար, բայց գումարը վճարելու են աշնանը», – ասում է Զաուրի Պաքսաձեն:
Բերքի ապահովագրումը պետական ծրագիր է: Ապահովագրման գումարի 70%-ը ապահովագրական ընկերությանը վճարում է պետությունը, իսկ 30%-ը վճարում է ինքը՝ հողի սեփականատերը: Սակայն, հողագործի և ապահովագրական ընկերության միջև պայմանագիրը կազմվելուց հետո պետությունը չի միջամտում ապահովագրական գործընթացին:
Վրաստանի Գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն կարծում է, որ մարդիկ, ովքեր ապահովագրել են իրենց բերքը այս կամ այն ապահովագրական ընկերությունում իրենք պետք է ուշադիր լինեն, թե ինչի տակ են ստորագրում, որ հետո դժգոհ չլինեն:
«Խնդիրներ չունենալու համար, պետք է ավելի ուշադիր լինել, նրանք պետք է լավ ծանոթանան պայմանագրին, և որևէ խնդիր չի առաջանա: Մենք չենք կարող օգնել նրանց այս հարցում», – ասաց Յուրի Նոզաձեն:
Շուշան Շիրինյան