Որպեսզի Ախալքալաքի անասնաշուկան համապատասխանի չափանիշներին և փակումից 3-4 տարի հետո վերջապես բացվի, Ախալքալաքի մունիցիպալիտետը կրկին վերանորոգման աշխատանքներ կիրականացնի այնտեղ։ Տենդերն արդեն հայտարարված է։
Ախալքալաքի անասնաշուկան երկու վերանորոգումից հետո, որի համար ծախսվել է 12 494 լարի, 2022 թվականի գարնանը բացման թույլտվություն չի ստանում։ Շուկան չի ընդունվում Սննդի ազգային գործակալության կողմից, քանի որ չափանիշներին չի համապատասխանում։ Սկզբում մունիցիպալիտետը 20 000 լարի էր հատկացրել հերթական վերանորոգման համար, սակայն նախագիծը կազմելուց հետո պարզվում է, որ պահանջվում է 34 900 լարի, ուստի բյուջեից նոր միջոցներ են ավելացվել։
Շուկայի վերահսկիչ Սոնա Վարդանյանի խոսքով, այս անգամ կավելացնեն կենդանիների համար նախատեսված վանդակներ:
«Ջրագիծն անցկացվել է, բայց նորից թույլտվություն չենք ստացել, նորից հրաժարվել են, ուզում են, որ ամեն ինչ լինի եվրոպական ստանդարտներին համապատասխան, բոլոր անասուններն առանձին վանդակներում լինեն»,- ասում է Սոնա Վարդանյանը։
Ըստ նախագծի, նախատեսված է կառուցել նոր ցանկապատ, դարպաս, վանդակներ, ջրագիծ։ Տարածքը 1800 ք/մ-ից կդառնա 2468,4ք/մ։
Շուկայի փակումից հետո, առաջին անգամ այն վերանորոգվում է 2021 թվականի մայիսին, այն ժամանակ ծախսվում է 10 509 լարի։ Սննդի ազգային գործակալությունը հրաժարվում է թույլտվություն տալ։ Նույն թվականի սեպտեմբերին հատկացվում է եւս 1985 լարի։ Բայց դրանից հետո էլ շուկան չի բացվում։
Այս անգամ դեռ ընթացքի մեջ է տենդերային մրցույթի հայտերի ընդունումը, որը կավարտվի սեպտեմբերի 19-ին։ Կհամապատասխանի արդյոք անասնաշուկան, հերթական վերանորոգումից հետո, չափանիշներին, թե ոչ, դա արդեն ժամանակի հարց է։
Մինչդեռ 3 տարուց ավելի մարդիկ անասուններ են վաճառում անասնաշուկայից ոչ հեռու՝ գերեզմանատան մուտքի մոտ, առանց անասնաբույժի։
Ախալքալաքում անասնաշուկան գործում էր ավելի քան քսան տարի, շաբաթ-կիրակի օրերին, շուկան ուներ բժիշկ և հսկիչ։
Ընթերցե՛ք նաև:
Անասնաշուկան կրկին կվերանորոգվի
Ախալքալաքի անասնաշուկայի վերանորոգման համար երրորդ անգամն է գումար է հատկացվում