Անցած տարին կարտոֆիլ մշակողների համար մեղմ ասաց ոչ բարենպաստ էր, քանի որ մշակման ժամանակ առաջացան բազում խնդիրներ, սակայն դա չխանգարեց մարդկանց այս տարի ևս զբաղվել կարտոֆիլի մշակմամբ։ Գյուղատնտեսների խոսքերով, կարտոֆիլի բերքատվությունն այս տարի աննախադեպ բարձր է։
2023 թվականին ֆերմերների առաջ ծառացան բազում խնդիրներ, բերքի հիվանդությունից մինչև իրացման դժվարություններ, որոշ գյուղերում մարդիկ ստիպված եղան նույնիսկ տոննաներով կարտոֆիլ դուրս թափել՝ չկարողանալով նույնիսկ ինքնարժեքով իրացնել այդքան դժվարությամբ հավաքված բերքը։ Բայց այս տարի պատկերն այլ է, և եղանակային պայմանները, և ֆերմերների գրագետ մոտեցումը նպաստեցին բերքի առատությանը։
Jnews-ը զրույց ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի Զրես գյուղից ֆերմեր Եղիշե Աղաջանյանի հետ, ով նշեց, որ այս տարի բերքը բացի քանակապես շատ լինելուց, լավ է նաև որակապես, և այս պահին միակ խնդիրը կապված է բերքի իրացման հետ:
«Խնդիրը միայն վաճառքն է և գնի անկումը, այս պահին վաճառում ենք 45-50 թեթրիով, իսկ աշխատողներին վճարում ենք 70-80 լարի, բերքը լավ է մտահոգություն կա միայն իրացման հետ կապված», – ասում է նա:
Օրջա գյուղից Վելիխան Հարությունյանը մեզ հետ զրույցում ևս հաստատեց, որ այս տարի կարտոֆիլի բերքատվությունը բարձր է։
«եթե այլ երկրներից չներկրեն, ապա մեր ապրանքը կկարողանանք շահութաբեր գնով վաճառել, գյուղում դեռ գնորդներ շատ չեն գալիս, տեղում մարդիկ կարտիֆիլը վաճառում են 50-55 թեթրիով», – ասում է նա:
Մեզ հետ զրույց ունեցած մեկ այլ ֆերմեր էլ նշում է, որ անցած տարի իր բերքը հիվանդության պատճառով քանակապես և որակապես վատն է եղել, իսկ այս տարի հակառակ պատկերն է, նրա խոսքով այս տարի դեռ 50 արից այնքան բերք է ստացել, ինչքան անցած տարի՝ 2,50 հեկտարից: