16 տարեկան Գոռ Այվազյանը Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը հասցրեց Ջավախք։ Հպարտ է, որ հաղթանակած է վերադարձել։ Հիմա շարունակում է պարապմունքները աշխարհի չեմպիոնի տիտղոսին հասնելու համար:
medal mrcanak

Գոռն ասում է, այս առաջնությունը շատ կարևոր էր իր համար, և մենամարտի ընթացքում մտածել է միայն հաղթանակի մասին։

«Հաղթանակը մեծ ուրախություն էր, կարող եմ ասել, որ Եվրոպայի առաջնությունը ամենալավ առաջնություններից է: Եթե գնում ես մրցման, ապա հաղթանակի համար և ես վստահ էի, որ պետք է հաղթեի, կապ չունի մրցակիցդ քեզանից ուժեղ է, թե՝ ոչ, եթե ռինգ ես բարձրանում, ուրեմն պետք է մտածես միայն հաղթանակի մասին։ Ինքս այդպես եմ մտածում՝ իջնել ռիգից միայն հաղթանակած»:

Գոռի համար կա մի պարզ ճշմարտություն՝ որտեղ կա հաղթանակ, այնտեղ էլ կլինի պատրություն։ Երբեք չի ընկճվում պարտություններից, հակառակը՝ ավելի է ուժեղանում, այդ պարտությունը հաղթանակ դարձնելու համար։

«Անցած տարի եվրոպայի առաջնության եզրափակչում պարտվել էի, այս տարի ավելի լավ պատրաստվեցի և հասա նպատակիս»:

Երկար է սպասել Եվրոպայի չեմպիոն դառնալուն, հաջորդը՝ Աշխարհի առաջնության չեմպիոն, այնուհետև՝ օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն է: Հետագայում նաև ուժերը կփորձի պրոֆեսիոնալ ռինգում։

europen champion medal

Առաջին անգամ չէ, որ Գոռը Եվրոպայի չեմպիոն է դառնում, փոքր տարիքային խմբում նույնպես չեմպիոն է եղել։ Երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, մի անգամ փոխչեմպիոն։ Իսկ առաջին մեդալը բերել է Վրաստանի բռնցքամարտի առաջնությունից՝ 2018 թվականին, և դարձել է Վրաստանի չեմպիոն։

Գոռ Այվազյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

medalner

«Վրաստանի չեմպիոն դառնալը մեծ պատիվ էր, ես շատ ուրախ էի և այդ ժամանակ, այդ մեդալով էի ուրախանում, իսկ հիմա ավելի մեծ հաղթանակներով»:

Նպատակին հասնելու համար մարզիկը կարևորում է երկու բան՝ խելք և քրտնաջան պարապմունքներ։ Նրան ուժ և հույս տվողները ծնողներն ու մարզիչներն են։ Նրան մարզում է Վրաստանի վաստակավոր մարզիչ Գագիկ Էլիզբարյանը:

Գոռի մայրիկը չի նայում նրա մրցումները, բայց Գոռը յուրաքանչյուր հաղթանակից հետո առաջինը մայրիկին է զանգում։

ayvazyan

Գոռն ասում է, բռնցքամատով ապրում է և մինչև վերջ գնալու է: Բռնցքամարտը Գոռի ընտրությունը չի եղել, այլ՝ հայրիկի, սակայն նա հիմա շատ ուրախ է, որ հայրն իրեն հենց բռնցքամարտի է տարել։ 8 տարեկանից սկսած ամեն օր 3-4 ժամ մարզվում է։

Նրա համար օրինակ են ծառայում Ախալքալաքի մարզահամալիրի այն մարզիկները, ովքեր մեծ հաջողություններ են գրանցել։

parapmunq

Նա դեռ սովորում է դպրոցում, 11-րդ դասարան է հաճախում, թե ապագայում ինչպես և որտեղ է շարունակելու կրթությունը, դեռ չի որոշել։ Չի բացառում, որ հետագայում մասնագիտական զարգացման համար միգուցե գնա այլ երկիր:

Գոռն իրենից փոքրերին խորհուրդ է տալիս զբաղվել սպորտով, հաճախել Ախալքալաքի մարզահամալիր և հաջողությունների հասնելու համար՝ քրտնաջան մարզվել:

Գոռ Այվազյանը դարձավ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն

Եվրոպայի չեմպիոնն արդեն սկսել է պատրաստվել նոյեմբերին կայանալիք Աշխարհի առաջնությանը։ Փորձում է օրինակ ծառայել մյուսների համար։ Գոռի նկարը փակցված է մարզահամալիրի պատերին՝ մյուս մարզիկների և չեմպիոնների նկարների կողքին:

Նրա մարզիչները դրվատանքով են խոսում իրենց սանի մասին: Շարունակում են սատարել և ուժ տալ նրան, հետագա հաղթանակների համար։

pastar

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին, ժամը 18:45-ին Բուլղարիայի մայրաքաղաք՝ Սոֆիայում, Գոռ Այվազյանը դարձավ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն։

Գայանե Ակոջյան