Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 18:45-ին Բուլղարիայի մայրաքաղաք՝ Սոֆիայում, ախալքալաքցի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը դարձավ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն։

Եվրոպայի բռնցքամարտի 2022 թվականի երիտասարդական առաջնության եզրափակչում Գոռ Այվազյանը մենամարտեց Ալբանիայի ներկայացուցչի՝ Արիոլ Զենելի հետ։ Ախալքալաքցի մարզիկը հաղթեց մրցակցին ստանալով 4 միավոր, իսկ ալբանացի բռնցքամարտիկը վաստակեց ընդամենը 1 միավոր։

Վրաստանի համար առաջին ոսկին նվաճեց Գոռ Այվազյանը։ Այսօր առաջին հորիզոնականի համար կպայքարեն ևս երկու վրացի մարզիկներ, ովքեր կիսաեզրափակչում Վրաստանի հավաքականի համար ապահովել են առնվազն արծաթե մեդալ։ Եվս երեք մարզիկներ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից վերադառնում են բրոնզե մեդալներով։

Նշենք, որ Գոռ Այվազյանը տարբեր միջազգային մրցույթների մրցանակակիր և մեդալակիր է։ Անցած տարի նա դարձել էր Չեռնոգորիայի մրցումների չեմպիոն, ինչպես նաև Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր։ Նա 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն է հանդիսանում պատանիների միջև։ Երիտասարդ բռնցքամարտիկը մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում՝ մարզիչ Գագիկ Էլիզբարյանի մոտ։ Մարզիկը 17 տարեկան է։