Երևանում և ամբողջ Հայաստանում մայիսի 3-ից կվերսկսվեն անհնազանդության ակցիաները, կփակվեն փողոցները, ինչպես նաև հանրապետության մարզային ճանապարհները։ Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Ինչ պլանավորել ենք, մի բան էլ ավելին առաջ է գնում։ Տարբեր խմբեր կգտնվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում և կպարալիզացնեն քաղաքը։ Մյուս քաղաքացիներն էլ 8։30-ին կլինեն Ֆրանսիայի հրապարակում, այստեղ կձևավորենք խմբեր, ու յուրաքանչյուրս մի ուղղությամբ կգնանք»,– ասել է Սաղաթելյանը։
Նրա խոսքով, արդեն իսկ ձևավորված խմբերն իրենք կորոշեն, թե որ փողոցներն ու խաչմերուկներն են փակելու։ ԱԺ փոխխոսնակը կարևորել է բոլորի ներկայությունը, քանի որ, նրա խոսքով, այսօր այն հատվածներում, որտեղ խմբերը շատ են եղել, ոստիկանությունը չի կարողացել խոչընդոտել ակցիայի իրականացումը։
Ընդդիմությունը հորդորում է չկենտրոնանալ միայն մայրաքաղաքի վրա և վաղ առավոտից փակել նաև մարզային ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողանան կենտրոնանալ միայն Երևանում։
Հիշեցնենք` մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ են տեղադրել, Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաները։
Այսօր առավոտյան մայրաքաղաքի բազմաթիվ հատվածներում ընդդիմադիրները փողոցներ էին փակել։ Բերման էին ենթարկվել մոտ 250 մարդ, նրանց մեծ մասն ավելի ուշ ազատ էր արձակվել։
Ժամը 18։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության հերթական հանրահավաքը։ Նրանք երթով հասան Հանրապետության հրապարակ և կրկին գնացին Ֆրանսիայի հրապարակ։