Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։

Նրանց խոսքով, կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունները։

«Զրույցի հիմնական թեման էր արդարադատության ոլորտում երկրների համագործակցությունը։ Այս համատեքստում ընդգծվել է այս տարվա հունվարին Վրաստանի և Հայաստանի համապատասխան նախարարությունների միջև ստորագրված հուշագրի կարևորությունը։ Պատրաստակամություն է հայտնվել ամրապնդելու համագործակցությունը արդարադատության, մարդու իրավունքների և հանրային ծառայությունների մատուցման ոլորտում։

Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանի անվտանգության խնդիրները՝ հաշվի առնելով Ուկրաինայում շարունակվող պատերազմը։ Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը»,- ասված է վարչապետի մամուլի ծառայությունում։