Հայաստանի ժուռնալիստների միությունը երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է պատժել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ուժ կիրառած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։ Այս մասին ասվում է Միության տարածած հայտարարության մեջ։
Այսօր Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում mediahub.am-ի և այլ լրագրողների նկատմամբ բիրտ ուժ է կիրառել Պետական պահպանության ծառայության՝ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը՝ հարվածելով իրեն հարց ուղղող լրագրողին և նրան նկարահանող օպերատորին, այդ թվում՝ վնաս պատճառելով վերջինիս տեսախցիկին։
Քաղաքացիների հետ մեկ այլ բախման ընթացքում գիտակցությունը կորցրել և ուշագնաց է եղել Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը: Նրան օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:
«Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է բողոքի խաղաղ ակցիաները լուսաբանող լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքերը, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու լկտի և սանձարձակ, քրեաօլիգարխիկ բանդայի գործողություններին հարիր ակտերը», – ասված է հայտարարության մեջ։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը իրավապահ մարմիններից պահանջում է խստորեն պահպանել լրագրողների մասնագիտական գործունեությունը հարգելու իրենց պարտականությունը, որը ամրագրված է՝ ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ՝ բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով։
Նիկոլ Փաշինյանից պահանջում են պատասխանատվության ենթարկել ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին՝ վերջինիս հիշեցնելով, որ նա ոչ թե առանձին վերցրած անձի անձնական օգտագործման թիկնապահ է, այլ պետական ծառայող։
«Տեղի ունեցած միջադեպերի առիթով հրավիրում ենք Մարդու իրավունքների պաշտպանի, տեղական և միջազգային իրավաշտպան կազմակերպությունների ուշադրությունը, որոնց լռությունն ու անգործությունն ավելի է խորացնում հանրության շրջանում արմատացած այն կարծիքը, որ նրանք աշխատում են երկակի ստանդարտներով և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են միայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը հետևելու է քաղաքական գործընթացները լուսաբանող բոլոր լրագրողների իրավունքների խախտումների դեպքերին, արձանագրելու է դրանք՝ հետագայում կատարողներին պատասխանատվության ենթարկելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ: