Հայկական լավաշը հայտնվել է 2-րդ հորիզոնականում աշխարհում 50 լավագույն հացատեսակների մեջ: CNN–ը հոդված է հրապարակել, որում ներկայացնում է աշխարհի 50 լավագույն հացերը: Ցուցակում է հայտնվել նաև վրացական խաչապուրին:
CNN-ի ցուցակի առաջին տեղում աֆղանական բոլանի հացն է հայտնվել:
«Ի՞նչ է հացը: Այս հարցի հետ կապված ամենայն հավանականությամբ դուք կարիք չունեք երկար մտածելու: Դուք ցանկանում եք մի կտոր հաց համտեսել, և այդ ընթացքում այն, ինչ դուք պատկերացնում եք, շատ բան է պատմում ձեր ծագման մասին», – նշել է հոդվածագիրը: Հեղինակը հոդվածում հիշեցնում է մասնագետների այն խոսքը, որ «հացը հիմնականում այն է, ինչի մասին խոսում է ձեր մշակույթը»:
«Գերմանիայի Վեսթֆալիա շրջանում հացթուխները մի քանի հաց են թխում 24 ժամվա ընթացքում, իսկ ահա ցորենի ալյուրից պատրաստված հայկական լավաշը գեղեցիկ տեսք է ստանում 30 վայրկյանում թոնրի ներսում», – նշել է հոդվածագիրը:
Հոդվածում հեղինակը ներկայացնում է լավաշը թխելու գործընթացը և նշում, որ դրանում անհրաժեշտ է ընկերների օգնությունը: «Երբ ձեր հայ սկեսուրը մոտենում է հացը ձեռքին, մի զարմացեք: Լավաշը նորապսակներին է տրվում, որը խորհրդանշում է առատություն ու բարեկեցություն: Լավաշը պատրաստելու գործընթացը պահանջում է ընկերների մասնակցություն: Այս ավանդական հացը թխելիս հավաքվում են կանայք, պատրաստում են խմորը, համապատասխան բարձի վրա բարակ ու լայն բացված խմորը ուժգին հարվածով ամրացնում են նախապես տաքացված թոնրի մեջ», – նշել է հոդվածի հեղինակը:
Լավաշը հայկական մշակույթի կարևոր բաղադրիչներից է, այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
CNN-ը ներկայացրել է Աֆղանստանի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Ավստրալիայի, Բանգլադեշի, Կանադայի, Չիլիի, Չինաստանի, Եթովպիայի և շատ այլ երկրների ազգային հացերը:
50 լավագույն հացատեսակների շարքում ներառվել են աֆղանական բոլանին, ռուսական կարավայը, վրացական խաչապուրին, թուրքական սիմիթը, իրանական սանգակը և այլն:
Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունը խաչապուրին ներառել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:
50 լավագույն հացերի լուսանկարներին և CNN-ի բացատրություններին կարող եք ծանոթանալ այստեղ: