2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմել է 3 688 600 մարդ, ինչը 1,1%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին ասվում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության «Սաքստատ» նյութերում։

Բնակչության բնական աճը նախորդ տարի բացասական է եղել՝ 13 960-ով ավելի մարդ է մահացել, քան՝ ծնվել։ Արագացող բնական անկման հետ կապված իրավիճակը սրվել է միայն միգրացիայի արդյունքում։ 2021 թվականին Վրաստանում գրանցվել է միգրացիայի բացասական հաշվեկշիռ՝ 25 966-ով ավելի շատ մարդ է լքել երկիրը, քան վերադարձել է։

Վրաստանի բնակչության 59,7%-ն ապրում է քաղաքներում։ Միաժամանակ մայրաքաղաք Թբիլիսիին բաժին է ընկնում երկրի բնակչության գրեթե մեկ երրորդը։

0-14 տարեկան բնակչության համամասնությունը կազմում է 20,8%, աշխատունակ տարիքի (15-64 տարեկան) բնակչության համամասնությունը՝ 63,7%, իսկ 65 և բարձր տարիքի բնակչության համամասնությունը՝ 15,5%։

Վրաստանի բնակչության 48%-ը տղամարդիկ են (ավելի քան 1,7 մլն), իսկ 52%-ը՝ կանայք (1,9 մլն)։ Վրաստանում յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 92 տղամարդ։ Մինչև 30 տարեկան տարիքային խմբում իրավիճակը ճիշտ հակառակն է՝ տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք։ Ինչպես պարզաբանում են «Սաքստատ»-ում, դա պայմանավորված է կանանց կյանքի ավելի երկար տեւողությամբ։

Նախորդ տարվա համեմատ՝ 2021 թվականին կյանքի սպասվող (ծննդյան ժամանակ) տեւողությունը նվազել է 2.0 միավորով՝ հասնելով 71.4-ի։ Տղամարդկանց մոտ այն կազմել է 67,5 տարի, կանանցը՝ 75,4 տարի։ 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության միջին տարիքը 38 տարեկան է։