Եվրոպական խորհրդի նախագահի ներկայացուցիչ, շվեդ դիվանագետ Քրիստիան Դանիելսոնը կմնա Վրաստանում, քանի դեռ ընդդիմության և իշխող կուսակցության միջև բանակցային գործընթացում չի հաջողվել հասնել կոնկրետ արդյունքի: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Վախթանգ Մեգրելիշվիլին:

Քրիստիան Դանիելսոնը Վրաստան էր ժամանել մարտի 12-ին: Նա մի շարք հանդիպումներ է անցկացրել «Վրացական երազանքի» եւ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ: Կառավարության և ընդդիմության միջև բանակցություններ վարելու մանդատ ունեցող շվեդ դիվանագետը հանդիպել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին ներկա են գտնվել Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը և ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը:

Ենթադրվում էր, որ Դանիելսոնի մասնակցությամբ բանակցությունները պետք է ավարտվեին մարտի 14-ին, որից հետո դիվանագետը պատրաստվում էր վերադառնալ Բրյուսել, որտեղ այցով գտնվում է նաև Վրաստանի վարչապետը: Ակնկալվում էր, որ Ղարիբաշվիլին Վրաստան-ԵՄ ասոցացման հանձնաժողովի նիստում կներկայացնի ընդդիմության հետ բանակցություններում ձեռք բերված առաջընթացի մասին տեղեկատվություն: Թեև, Վրաստանում երկօրյա բանակցություններից հետո հնարավոր չեղավ հասնել կոնկրետ պայմանավորվածության, ավելին՝ կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները նույնիսկ համատեղ հանդիպում չանցկացրեցին:

Կիրակի երեկոյան, Դանիելսոնի հետ հանդիպումից հետո, «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ կողմերի միջև երկխոսությունը կշարունակվի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Բրյուսել այցից հետո, այսինքն՝ մարտի 18-ից հետո: Այնուամենայնիվ, շվեդ դիվանագետը անսպասելիորեն հայտարարել է, որ մեկ օրով երկարացնում է իր այցը Թբիլիսի: Նա նշել է, որ դա անում է կողմերի միջև երկխոսությանը նպաստելու համար:

Այսօր պարզ դարձավ, որ Եվրոպական խորհրդի նախագահի ներկայացուցիչը մտադիր է մնալ Վրաստանում, քանի դեռ համաձայնությունը ձեռք չի բերվել:

Այսօր՝ երկուշաբթի, մարտի 15-ին, Դանիելսոնն արդեն առավոտվանից հանդիպել է ընդդիմադիր կուսակցությունների և իշխանության ներկայացուցիչների հետ: Դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա իշխող կուսակցության եւ ընդդիմության առաջնորդների համատեղ հանդիպումը:

«Դանիելսոնը մնացել է Թբիլիսիում, սա բոլորի համար գլխավոր լուրն է… Նա կմնա այնքան ժամանակ, որքան մեզ հարկավոր կլինի: Իմ կարծիքով, սա ամենակարևոր նորությունն է… Բոլոր հարցերի շուրջ համաձայնության գալու հնարավորություն կա: Պարզապես կողմերը պետք է ստանձնեն պատասխանատվություն, մի քայլ հետ կատարել և իրենց կողմնակիցներին բացատրեն իրենց դիրքորոշումները», – պարզաբանել է Մեգրելիշվիլին:

«Բոլոր կողմերը ջանք կգործադրեն այս գործընթացում արդյունքի հասնելու համար, և մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ», — իր հերթին ասել է ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Բադրի Ջափարիձեն:

«Ուզում եմ ասել, որ մեր կողմից կա նույն տրամադրվածությունը` մեր երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար, ինչպես և նախկինում էր: Ամենակարևորը, դա տեսնում են մեր եվրոպացի գործընկերները: Ընդդիմության կողմից կա լիակատար պատրաստակամություն, այն բոլոր մտավոր ունակությունները, որոնք այսօր ընդդիմության մեջ կան, կենտրոնացած են մեր քաղաքական կյանքում այս առաջընթացին հասնելու վրա», – ասել է Ջափարիձեն:

«Ռազմավարություն Աղմաշենեբելի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն խոստովանել է, որ բանակցությունների շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել:

«Ցանկանում եմ անկեղծորեն ասել մեր բոլոր համախոհներին, որ մենք հնարավորինս պաշտպանում ենք այն դիրքը, քննարկման համար մանդատը, որը դուք տվել եք մեզ, և մենք ամեն ինչ անելու ենք մեր բոլոր հիմնական հարցերը պաշտպանելու համար: Իրավիճակը հեշտ չէ», – ասել է Վաշաձեն:

Վրաստանում քաղաքական ճգնաժամը սկսվել էր հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո: Խորհրդարանական ընտրություններից չորս ամիս անց, ընդդիմության 60 պատգամավորներից միայն վեցն է մասնակցում Վրաստանի խորհրդարանի նիստերին: Խորհրդարան մտած կուսակցությունների մեծ մասը հրաժարվում է ճանաչել ընտրությունների արդյունքները և պահանջում է արտահերթ ընտրությունների նշանակում: Իշխանություններն այս հարցը համարում են «կարմիր գիծ», անհիմն են որակում ընտրակեղծիքների վերաբերյալ մեղադրանքները և առաջարկում, որ բանակցային գործընթացում կենտրոնանան այլ հարցերի վրա: