Վրաստանի խորհրդարանը վեց տարի ժամկետով հաստատել է 37-ամյա Իրակլի Շոթաձեին երկրի գլխավոր դատախազի պաշտոնում:
Դատախազության խորհրդի կողմից ներկայացրած Իրակլի Շոթաձեի թեկնածությանը սատարել է 82 պատգամավոր: Ոչ ոք դեմ չի քվեարկել, 7 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Քվեարկությունը գաղտնի է եղել: Ընդդիմությունը բոյկոտել է այսօրվա լիագումար նիստը և մեծամասնության պատգամավորների համար խորհրդարանի շենքի մոտ «ամոթի միջանցք» էր կազմակերպել: Իսկ «Վրացական երազանք» կուսակցությունից դուրս եկած անկախ պատգամավորների խմբակցությունը բոյկոտել է քվեարկության գործընթացը:
Առաջին անգամ Շոթաձեն գլխավոր դատախազ է դարձել 2015-ի նոյեմբերին, սակայն նրա ժամկետը ընդհատվել է 2018-ի մայիսին տեղի ունեցած պաշտոնաթողությամբ, որը տեղի ունեցավ դպրոցականների զանգվածային ծեծկռտուքով երկու դեռահասի սպանության հետաքննության արդյունքում առաջացած հասարակական բողոքի ցույցերի ֆոնին:
Իրակլի Շոթաձեն աշխատել է Վրաստանի գլխավոր դատախազությունում 2006 թվականից մինչև 2010 թվականը: Այնուհետև նա տեղափոխվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն, իսկ 2013-ին վերադարձել է գլխավոր դատախազություն և ստանձնել վարչության պետի տեղակալի պաշտոնը:
Հաստատումից հետո Շոթաձեն լրագրողներին ասել է, որ շնորհակալություն է հայտնում խորհրդարանին և դատախազական խորհրդին, ինչպես նաև լրատվամիջոցներին, «ովքեր աշխատել են, որպեսզի հասարակությունը տեսնի, թե նշանակման գործընթացն ինչքան թափանցիկ է ընթանում»: Շոտաձեն հիշեցրել է, որ ինքը մասնակցել է մրցույթին, որը տևել է երկու ամիս: Ըստ նրա, ինքը կշարունակի բարեփոխումները դատախազությունում, և նրա առաջնահերթությունները կլինեն «դատախազության ուժեղացումը, հասարակության վստահության բարձրացումը, արդարության վերականգնումը»:
Փետրվարի 10-ին Շոթաձեի թեկնածությունն առաջադրել է Դատախազության խորհուրդը՝ նրան ընտրելով 17 հոգուց բաղկացած ցուցակից: Վրացական կառավարության անդամները Շոթաձեին անվանում են «հիանալի մասնագետ» և դեմ չեն նրա վերադարձին: Ընդդիմությունն ու հասարակական հատվածը բոլորովին այլ տեսակետ ունեն: Օրինակ. Մարդու իրավունքների ուսուցման և մոնիտորինգի կենտրոնում (EMC) հայտարարում են, որ Շոթաձեն պատասխանատվություն է կրում «համակարգի ձախողման» համար, որի հիման վրա նա չպետք է կրկին ստանձնի երկրի գլխավոր դատախազի պաշտոնը:
ՀԿ-ները պարբերաբար քննադատում էին Գլխավոր դատախազի աշխատանքը Շոթաձեի ղեկավարությամբ:
Շոթաձեի ներկայացման օրը մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ դատախազության շենքի առջև հավաքել էին՝ «Շոթաձեի վերադարձը հանցագործություն է» գրությամբ պաստառներով: