Սեպտեմբերի 24-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության մամլո ծառայությունը:
Վրաստանի վարչապետը շնորհավորել հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ հայ և վրացի ժողովուրդների մոտ անկախության գաղափարն առանձնահատուկ նշանակություն ունի։
Դեսպան Սադոյանն էլ իր հերթին Գիորգի Գախարիային շնորհավորել է վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական հարաբերություններն ավելի կխորանան։
Վրաստանի վարչապետն ու Հայաստանի դեսպանը քննարկել են հայ-վրացական քաղաքական օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ են կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների։