Այսօր՝ ապրիլի 28-ին, Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնն աշխատում է Ջավախեթյան փողոցի մի քանի օր ջրազրկված բնակիչների ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Ջավախեթյան փողոցի բնակիչների մի մասը մնացել է առանց ջրի

Ջավախեթյան փողոցում շինարարական աշխատանքներ են տարվում կոյուղագծի անցկացման և ջրամատակարարման համակարգը փոխելու ուղղությամբ։ Շինարարական աշխատանքների ընթացքում արդեն 2-3 անգամ վնասվել է հին, գործող ջրամատակարարման համակարգը։ Վնասված հատվածներում իրականացվում են նորոգման աշխատանքներ, որպեսզի տեղի բնակչությունը ջրից չզրկվի։

Այս ջրամատակարարման համակարգի հերթական վթարի ժամանակ վնասվել է և հիմնական խողովակը, և դրա բաշխիչ գիծը։ Արդյունքում վերականգնվել է մայր ջրատարը, իսկ բաժանորդներին բաշխող մասը՝ ոչ։ Որի արդյունքում՝ Ջավախեթյան փողոցի մի քանի բաժանորդ մնացել է առանց ջրի, հանդուրժել՝ մտածելով, որ դա շինարարական աշխատանքների պատճառով է, և այդպես էլ պետք է լինի։

Սպասարկման կենտրոնից հայտնել են, որ իրենք տեղյակ չեն այս խնդրի մասին։ Երբ կենտրոնական ջրատարի վթարը վերացվել է, մյուս հատվածների վնասված մասերը չեն նկատվել, քանի որ դրանք ծածկված են եղել հողով։

Այն բանից հետո, երբ Jnews-ը հետաքրքրվեց, թե որն է այս բաժանորդների ջրի բացակայության պատճառը, քանի որ շինարարական աշխատանքների պատճառով փողոցի բնակիչների ջրամատակարարումը չի դադարեցվել, այսօր Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնը ստանձնել է նաև բաշխիչ գծի վթարի վերացումը` ջրազրկված բաժանորդների ջրամատակարարումը վերականգնելու նպատակով:

Ըստ այս բնակիչների՝ իրենք արդեն 10 օրից ավելի ջրազրկված են, իսկ Սպասարկման կենտրոնից հայտնում են, որ որ վերջին վթարից հետո այս բաժանորդները առանց ջրի են մնացել 3-4 օր։