Այսօր՝ ապրիլի 28-ին, շարունակվում է Վրաստանում Ճապոնիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Իմամուրա Ակիրայի այցը Ախալքալաք։
Դեսպանն այցելեց քաղաքի հայկական և վրացական եկեղեցիներ, Ախալքալաքի երկրաբանական թանգարան, Ապագայի տուն։ Նրա խոսքով, եթե ժամանակ լինի, նախատեսում են այցելել նաև Ախալքալաքի Ամրոց։
«Այսօր այցելեցի նաև հայկական, վրացական եկեղեցիներ, պատմական վայրեր, հանդիպեցի տեղի բնակչության հետ, շատ տպավորված էի, Ախալքալաքը շատ աշխույժ քաղաք է։ Մարդիկ փորձում են պահպանել իրենց ավանդույթները, ես Ապագայի տանն էի, ինձ ցույց տվեցին երեխաների ձեռագործ աշխատանքները, այնտեղ անցկացվում են շատ հետաքրքիր ակտիվություններ։ Ընդհանուր առմամբ, շատ դրական տպավորություններ ունեմ, այստեղ կա զբոսաշրջության զարգացման հսկայական ներուժ, կա գեղեցիկ բնություն, միջավայր, բացի այդ՝ հրաշալի մշակութային ժառանգություն, կրոնական վայրեր։ Կարծում եմ՝ հիմա գլխավոր խնդիրն այս բոլոր տարրերը միավորելն է այնպես, որ գրավի մարդկանց», – մեկնաբանեց Իմամուրա Ակիրան։
Ճապոնիայի դեսպանի պաշտոնական այցն Ախալքալաք սկսվեց երեկ երեկոյան։ Նա հանդիպումներ ունեցավ տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հետաքրքրվեց խնդիրներով և նրանց հետ քննարկեց, թե ինչի վրա կարելի է աշխատել տարածաշրջանի զարգացման համար։
Վրաստանում Ճապոնիայի դեսպանը պաշտոնական այցով Ախալքալաքում է
Այսօր դեսպան Իմամուրա Ակիրան հանդիպեց տեղի իշխանությունների հետ։ Ինչպես նաև այցի շրջանակներում գլխավոր իրադարձություններից մեկը Վրաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող ծրագրի բացումն էր, որի շրջանակներում Ախալքալաքը նոր աղբատար մեքենա է գնել։