Ապրիլի 27-ին, երկօրյա պաշտոնական այցով Ախալքալաք է ժամանել Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան։

Այցի ընթացքում դեսպանն իր առաջին հանդիպումն անցկացրել է Ջավախքի ՀԿ-ների հետ։

«Շնորհակալ եմ ինձ ձեր հրաշագեղ շրջանում հյուրընկալելու համար: Առաջին անգամ եմ գտնվում Ախալքալաքում։ Այսօր ես հանդիպումներ ունեցա քաղաքացիական հանրության, բիզնեսի, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Շատ գոհացուցիչ հանդիպումներ էին, օգտավետ։ Մենք մտքեր փոխանակեցինք ձեր շրջանի զարգացման հեռանկարների շուրջ։ Ձեր առջեւ ծառացած մարտահրավերների, Ճապոնիայի և ձեր շրջանի միջև համագործակցության հնարավորությունների մասին: Եվ մենք ճապոնական կողմի օգնությամբ սոցիալ-տնտեսական խնդիրը լուծելու ուղիներ էինք փնտրում՝ ճապոնական փորձի հիմքով։ Ինձ համար շատ հետաքրքիր հանդիպում էր»,- ասում է Ճապոնիայի դեսպան Իմամուրա Ակիրան։

Այցի ընթացքում դեսպանը կբացի «Ախալքալաքի մունիցիպալիտետի աղբատարի հատկացման նախագիծը», որը ձեռք է բերվել Ճապոնիայի դեսպանատան GGP (Grassroots Human Security Grant Program) ծրագրով։ 56 000 ԱՄՆ դոլար արժողությամբ նախագծով լուծվել է 9 գյուղերի աղբահանության խնդիրը։

Բացի նախագծի բացումից, որին կմասնակցեն տեղական և կենտրոնական պետական պաշտոնյաներ, դեսպան Իմամուրան նախատեսում է նաև այցելել Ախալքալաքի հայկական և վրացական եկեղեցիներ և հանդիպել հոգևորականների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է այց նաև Ախալքալաքի ազգագրական թանգարան։

Հարկ է նշել, որ GGP-ն (Grassroots Human Security Grant Program) օգնություն է տրամադրում համեմատաբար փոքր ծրագրերին և ուղղված է Վրաստանում հետևյալ առաջնահերթ ոլորտներում՝ շրջակա միջավայրի պաշտպանությունում, գյուղատնտեսությունում, ենթակառուցվածքում, առողջապահությունում և կրթությունում մարդկային անվտանգության բարելավմանը:

1998 թվականից ի վեր Ճապոնիայի կառավարությունը միայն GGP ծրագրի շրջանակներում ֆինանսավորել է ավելի քան 200 նախագիծ՝ ընդհանուր առմամբ մոտ 25 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: