Իսանի-Սամգորիի շրջանի ոստիկանությունը բերման է ենթարկել ծնողների դիտավորյալ սպանության մեջ մեղադրվող տղամարդուն։ Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ ձերբակալվածը սպանել է ընտանիքի անդամներին, ապա այրել բնակարանը՝ հանցագործությունը թաքցնելու նպատակով։

Գերատեսչության տվյալներով՝ 2022 թվականի ապրիլի 27-ին Իսանի-Սամգորիի գլխավոր վարչությունը հաղորդագրություն է ստացել Թբիլիսիի Վազիսուբանիի 4-րդ միկրոշրջանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի մասին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ բնակարանի դուռը ներսից փակ է։ Հրշեջ-փրկարարները մտել են բնակարան, հրդեհը մարվել է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 1964 թվականին ծնված քաղաքացի Զ.Բ.-ի և նրա կնոջ՝ 1967 թվականին ծնված քաղաքացի Լ.Թ.-ի դիերը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքներով։ Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը կրակել է ծնողների գլխին, երբ նրանք քնած են եղել։

ՆԳՆ-ի վարկածի համաձայն, հանցագործության հետքերը թաքցնելու համար մեղադրյալը կողոպուտ է բեմադրել, վերցրել է որոշ իրեր և զարդեր, հրդեհել և թաքնվել։

«Որպես իրեղեն ապացույց առգրավվել են հանցագործության գործիքները, գումար և ոսկյա զարդեր», – հավելել են գերատեսչությունից։

Նախաքննությունն ընթանում է ընտանիքի երկու և ավելի անդամների նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության հոդվածով։ Մեղադրյալին սպառնում է 16-ից 20 տարի ժամկետով կամ անժամկետ ազատազրկում։