Վրաստանի խորհրդարանն սկսեց իր աշխատանքը ու առաջին իսկ օրվանից այնտեղ ստեղծվեց լարված իրավիճակ: Իշխող կուսակցությունը ստացել է սահմանադրական մեծամասնություն, սակայն դա չի խանգարում ընդդիմության անդամներին քննադատել նրանց:

Ըստ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության խորհրդարանի ներկայացուցիչ Նիկա Մելիայի, նա կցանկանար որ նոր խորհրդարանը կոչվեր «վրաց ժողովրդի կողմից ընտրված խորհրդարան», սակայն, դա այդպես չէ: Նման հայտարարություն Մելիան արեց խորհրդարանում ելույթի ժամանակ: Ըստ նրա, քարոզարշավի ընթացքում կիրառվել է բռնություն և ահաբեկում:

«Նախընտրական քարոզարշավը բնութագրվում է բռնությամբ, սպառնալիքներով, կաշառքով, ահաբեկմամբ, արտահերթ մասշտաբներով վարչական ռեսուրսի օգտագործմամբ: Արդյունքում, մենք խորհրդարանում ստացանք անտրամաբանական, անհամաչափ, ոչ ադեկվատ պատկեր: Մենք ունենք քաղաքական ուժ, ով չի ստացել նույնիսկ բնակչության կեսի աջակցությունը, և այդ քաղաքական ուժն այսօր ներկայացնում է սահմանադրական մեծամասնությունը:

«Հավանաբար դուք շատ երջանիկ եք, գոհ եք իրավիճակից, քանի որ կարծում եք, որ հաղթել եք: Բայց, շատ շուտով դուք կգիտակցեք, որ Ձեզ սպասվում են անհաղթահարելի խոչընդոտներ: Բռնի ընտրություններով ստացած իշխանությունը ձեզ պարտադրում է կրել ծանր բեռ, որը անհրաժեշտ է տանել: Իսկ դա դուք չեք կարող անել: Դուք ատելության լեզուն օգտագործող մի քաղաքական կուսակցություն եք, խումբ որը փորձել է պախարակել իր մրցակիցներին», – հայտարարել է Նիկա Մելիան:

Լուսինե Աստոյան