Ինչու՞ դրամաշնորհային ծրագրերով ֆինանսավորվող բիզնես նախագծերը հաճախ չեն զարգանում, որո՞նք են թերություններն ու սխալները և մինչև ո՞ր փուլ են ձեռնարկատերերը դրանք թույլատրում։ Jnews-ը փորձել է պարզել դա։

Ապրիլի 11-ին ավարտվել է «Արտադրի՛ր Վրաստանում» պետական ծրագրով բիզնես գաղափարների մրցույթի հայտերի ընդունումը։ Սա հերթական փուլն էր, երբ պետությունը միկրո դրամաշնորհների միջոցով փորձեց հնարավորություն տալ զարգացնել միկրո և փոքր բիզնես ստեղծելու գաղափարները։ Սա նմանատիպ նախագծերից մեկն է, որոնք ֆինանսավորում են սկսնակ ձեռնարկություններին կամ ուղղված են գոյություն ունեցող բիզնեսի զարգացմանը։ Հաճախ նման ծրագրերը ֆինանսավորում են գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացման և այլ ոլորտները, սակայն Ջավախքում մարդկանց որոշակի շրջանակ է տեղյակ նման ծրագրերի մասին։ Դրա հետ մեկտեղ ոչ բոլոր ծրագրերն են ներառում այս շրջանն իրենց առաջնահերթություններում։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը և տնտեսական ճգնաժամը ցույց տվեցին, որ Վրաստանի տնտեսության մեջ շատ բաներ կախված են Ռուսաստանից: Սակայն Ջավախքը տնտեսապես Ռուսաստանից կախված է անմիջականորեն։ Եվ դա արտահայտվում է ոչ միայն մարզային մասշտաբով, այլեւ գրեթե յուրաքանչյուր ընտանիքի բյուջեի վրա։ Ելնելով դրանից՝ շատ կարևոր է փոքր բիզնեսի զարգացումը շրջանում, բայց պետք է հաշվի առնել նախկինում բիզնեսի զարգացման առումով առաջացած խնդիրները։

Որոշ նորաստեղծ սթարթափեր և գաղափարներ Ջավախքում գոյատևում են, սկսնակ միկրո և փոքր բիզնեսի մեծ մասը շատ շուտ փակվում է: Ինչն է պատճառը, Jnews-ը փորձեց ծ իմանալ անմիջապես այն մարդկանց շուրթերից, ովքեր սկսել են իրենց բիզնեսը, հետագայում զարգացրել, ապա փակել՝ տարբեր խնդիրների պատճառով։

Ախալքալաքի Մուրջախեթ գյուղի բնակիչ Ենոք Բաբաջանյանը նրանցից մեկն է, ում հաջողվել է դրամաշնորհների միջոցով հիմնել ու զարգացնել սեփական բիզնեսը։ Նա արտադրում է արևային էլեկտրաէներգիա, ստացածի մի մասը վաճառում է պետությանը, մյուս մասն օգտագործում իր ջերմոցի համար, որտեղ լոլիկ է աճեցնում։ Զուգահեռաբար արտադրում է կենսագազ։ Արդյունքը գերազանցել է նրա սպասելիքները, Ենոքը մտադիր է ընդլայնել բիզնեսը։ Այս գաղափարներն իրականացնելու համար նա օգտվել է դրամաշնորհային ծրագրերից։

Նրա կարծիքով՝ մարդկանց բիզնեսի անհաջողության հիմնական պատճառն այն է, որ շատ մարդիկ ծրագրման և դրամաշնորհի համար դիմելու փուլում հաշվարկներ չեն կատարում, չեն խորանում ռազմավարության պահանջների մեջ, անձամբ չեն գրում դրամաշնորհային գաղափարները և հաճախ չեն հասկանում, թե ինչ են ակնկալում վերջում անել:

pomidori2

«Հաճախ մարդիկ սկսում են մի բան, որի մասին պատկերացում չունեն, օրինակ՝ որոշում են կարտոֆիլ ցանել, բայց դա պահանջում է մեծ գիտելիքներ, աշխատանք և չարչարանք։ Նրանք կարդում են այդ մասին համացանցում կամ գրքերում և որոշում են սկսել։ Եվ հաճախ, երբ գործը հասնում է պրակտիկային, նրանք տեսնում են, որ կան խնդիրներ և հրաժարվում են այդ գործից: Մեկ այլ բան էլ կա, երբ բիզնես պլան են կազմում, բյուջե են կազմում, հաճախ դա իրենք չեն գրում և չեն հասկանում: Սկզբում սխալ հաշվարկներ են անում: Հաշվի չեն առնում ներքին և արտաքին շուկաները: Իմ անձնական փորձից ասեմ, օրինակ, ես պլանավորել էի աշխատել դեկտեմբեր և հունվար ամիսներին, որպեսզի թեկուզ և վնասով, բայց աշխատեմ: Կլիմայական պայմանները, սակայն, ցույց տվեցին, որ ավելի լավ է չաշխատել այդ ամիսների ընթացքում»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։

Boris Karslyan

Բորիս Ղարսլյանը Նինոծմինդայում լուսանկարչական ստուդիա բացելու իր առաջին դրամաշնորհը ստացել էր 8 տարի առաջ, սակայն այս ուղղությամբ նա մեծ հաջողությունների չհասավ՝ ելնելով այն հանգամանքից, որ այս բնագավառը զարգանում է արագ տեմպերով և առանց նոր տեխնոլոգիաներում և դիզայնի մեջ մեծ ներդրումների, այս բիզնեսը մրցունակ չէ։ Նրա համար լուսանկարչական ստուդիան լրացուցիչ եկամտի աղբյուր է, սակայն՝ ոչ հիմնական։

«Առաջին դրամաշնորհը, որը ես ստացել եմ, եղել է 5000 լարի: Դրանից հետո 2 անգամ դիմել եմ բիզնեսի զարգացման համար դրամաշնորհ ստանալու նպատակով, բայց չեմ ստացել: Ես աշխատում եմ նույն տեխնիկայով, որը գնել էի այն ժամանակ: Հիմա այդ տեխնիկան արդեն հնացել է, իսկ եկամուտն այնքան էլ մեծ չէ, որ նոր տեխնիկա գնեմ, ձեռք բերեմ ինչ-որ նոր բան, բիզնեսը զարգացնեմ: Մեկ այլ խնդիր է նաև, որ ամեն ինչ թանկացել է, նկատի ունեմ հումքը: Ես բիզնեսը համատեղում եմ իմ հիմնական աշխատանքի հետ: Շատերը, ովքեր բիզնես էին ստեղծում ինձ հետ՝ փակել են, քանի որ այն ժամանակ տրված 5000 լարիով հնարավոր չէ բիզնես անել»,- ասում է Նինոծմինդայից Բորիս Ղարսլյանը։

чай

Մզիսա Խմալաձեն վերջերս իր համար բացահայտել է բիզնես վարելը՝ մասնակցելով սոցիալական ձեռնարկության թրեյնինգներին։ Ինչպես և մեր մնացած հարցվողները, նա նույնպես իր սթարթափները սկսել է դրամաշնորհով։ Ջավախքի դաշտերից հավաքված խոտաբույսերից թեյը նորարարություն է, քանի որ Ջավախքի բիզնեսի հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Մինչ այս թրեյնինգը Մզիսան հետաքրքրված չէր և չէր էլ ծրագրում սեփական բիզնեսը սկսել։

«Գլխավոր խնդիրը թիմ հավաքելն է։ Սկզբում ընտանիքս օգնեց ինձ խոտաբույսերի հավաքման հարցում։ Բայց նրանք բոլորն ունեն իրենց գործերը, և նրանք չէին կարող ինձ օգնել հետագայում էլ։ Էլ ավելի է դժվարացնում այն փաստը, որ ես ուսանող եմ և սովորում եմ համալսարանում: Ես շատ քիչ ժամանակ ունեմ: Իմ բիզնեսը դեռ այնքան էլ եկամտաբեր չէ, քանի որ այն դեռ չի տարածվում խանութներում: Պատճառն այն է, որ փաթեթավորումը դեռ պատրաստ չէ, դա ժամանակ է պահանջում: Բայց ամսվա վերջին, կարծում եմ, այս հարցը կլուծվի, և ես կաշխատեմ իրացման ուղղությամբ: Նախատեսում եմ նաև այլ դրամաշնորհային ծրագրերի մասնակցել, և եթե ստացվեց, ապա ամեն ինչ լավ կլինի»,- ասում է Մզիսա Խմալաձեն։

Mimino

Նանա Բրոյանն իր բիզնեսը սկսել էր ծաղկի խանութից, սակայն շուտով նա ստիպված էր փակել խանութը։ Այնուհետև, ամբողջ ընտանիքով նրանք սկսել էին աշխատել ընտանեկան սրճարանում, սակայն այս բիզնես նախագիծը երկար չգոյատեւեց։ Նանան եկել է այն եզրակացության, որ արդյունքի համար պետք է ամբողջությամբ նվիրվել բիզնեսին։

«Մեր դեպքում խնդիրն այն էր, որ երբ սկսում ես զրոյից, ինչպես դա ծաղկի բիզնեսի դեպքում էր, պետք է վճարել վարձը, վճարել աշխատողներին, գումարած կոմունալ ծախսերը: Ծախսերն այնքան շատ էին, որ սկսնակ բիզնեսի համար շատ դժվար է դիմակայել: Առավել ևս իմ բիզնեսը նորարարություն էր իրենից ներկայացնում: Մենք այլ մտածելակերպ ունենք, և մարդիկ նախընտրում են ծաղիկներ նվիրել, բայց ոչ ծաղկամանների մեջ, սա էր այս բիզնեսի խնդիրը: Բայց, ամենայն հավանականությամբ, եթե ես շարունակեի զբաղվել դրանով, ավելի շատ ջանք թափեի, ապա արդյունքներն ավելի լավը կլինեին։ Այսօր ես համոզվել եմ, որ եթե ինչ-որ բան սկսում ես, պետք է ինքդ անես, վերահսկես։ Եթե ես զբաղված չլինեի ուրիշ բաներով և զբաղվեի կոնկրետ բիզնեսով, շատ ավելի լավ արդյունք կլիներ»,- բացատրում է Նանան։

Բացի այդ, դա բարձրացնում է սպասարկման ոլորտում համապատասխան կադրերի բացակայության խնդիրը։

«Ցանկացած բիզնեսում խնդիրը աշխատուժի մեջ է, որն անկայուն է: Մարդիկ պարզապես չեն ցանկանում հավելյալ աշխատել, չգիտեն ինչպես աշխատել հաճախորդի հետ: Նույնը եղավ սրճարանում, երբ մենք այնտեղ էինք, ամեն ինչ լավ էր։ Շրջանառության համար նույնպես պետք է որոշակի գումար լինի, որ ներդրումների համար մեծ կապիտալ պետք է լինի, որ մի քանի ամիս կամ մեկ տարի դիմակայել։ Սրճարանի դեպքում խանգարեց նաև COVID-ը։ Այլ գործոններ էլ կային»,- ասում է Նանա Բրոյանը։

Ձեռնարկատերերը խոստովանում են, որ Վրաստանում միկրո և փոքր բիզնեսի հարկումն արտոնյալ է, իսկ լեռնային շրջաններում՝ առավել եւս։ Ուստի խնդիրների ցանկում հարկման հետ կապված խնդիրները չեն շոշափվում։ Այնուամենայնիվ, կայուն բիզնեսի համար անհրաժեշտ են ոչ միայն հարկային պայմաններ, այլ շատ այլ գործոններ, որոնք հաճախ հաշվի չեն առնվում ոչ դրամաշնորհ տրամադրողների, ոչ էլ միկրո և փոքր բիզնես բացող անհատների կողմից:

Քրիստինե Մարաբյան