Արդեն մի քանի տարի է սոցիալական կայքերի միջոցով տարածվում է գովազդ տարբեր ֆինանսական գրավիչ առաջարկներով։ Վերջին ժամանակներում ամենատարածված այդպիսի գովազդը Socar գազաբաշխիչ ընկերության և Bank of Georgia-ի անունից է տարածվում։
Այդ գովազդները տեսնելով շատ մարդիկ են խաբեության զոհ դառնում։ Անցած տարի Ախալքալաքի մունիցիպալիտետից շատերը գումարներ կորցրին։
Ըստ տարածված տեսահոլովակների Bank of Georgia-ի անունից առաջարկվում է կատարել շատ քիչ տոկոսադրույքով ներդրումներ համաշխարհային շուկայում և ստանալ մեծ շահույթ։
Այս դեպքում բնակչությանն առաջարկում են մտնել նշված հղումով, որը իբրև Bank of Georgia-ի հեռախոսային հավելվածն է։ Իրականում դա այլ կայք է, որտեղ գրում են հեռախոսային հավելվածի գաղտնաբառը և տվյալները հասանելի դարձնում այլ անձանց համար, ովքեր գրանցելով գաղտնաբառը հաշվեհամարի վրայի գումարը յուրացնում են։
Կարևոր է՝ գաղտնաբառը գրելուց առաջ, միշտ ուշադրություն դարձնել թե ինչ կայք է։ Ուշադրություն դարձնել անպայման կայքի հասցեին։
Socar գազաբաշխիչ ընկերության անունից տարածվում էր տեղեկություն, ըստ որի՝ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասում է․ «Վրաստանի քաղաքացիները կարող են ստանալ 5000, 10 000 կամ անգամ 15 000 լարի շահույթ մեկ ամսում, ծախսելով ընդամնեը 30 րոպե մեկ օրվա ընթացքում։ Socar-ը բացում է պաշտոնական հասանելիություն Վրաստանի քաղաքացիների համար, գազի, նավթի պահանջարկի ներդրում միջազգային շուկայում»։
Ըստ այդ տեսահոլովակի՝ քաղաքացիները կարող են գնել ակցիաներ նվազագույնը 200 լարիով, իսկ ներդրում կատարողները մեկ ամսում միջինն աշխատում են 7000 լարի։
Հաջորդ այդպիսի խաբեությունը եղել է այն, երբ խոստանում են սովորեցնել առցանց թրեյնինգ վարել, որի ընթացքում հնարավոր է մեծ գումարներ աշխատել։ Այդ ընթացքում բնակչի հաշվին գումարը սկսում է ավելանալ, երբ ցանկանում է բնակիչը հաշվից գումար հանել, սկզբում դա հնարավոր է լինում։ Այնուհետև տարբեր ձևերով համոզում են, որ տվյալ անձը գումար ավելացնի հաշվին։ Արդեն այդ գումարը բնակիչը կորցնում է, և այլևս չի կարողանում հաշվից գումար հանել։ Այնուհետև առաջարկում են կորցրած գումարը հետ վերադարձնելու միջոցներ, որը սկսվում է 500$-ից։ Այդ առաջարկին ևս տրվում են մարդիկ և 500$-ը նույնպես կորցնում։
«Ես կորցրել եմ բավականին մեծ գումար՝ 3000-4000 լարի հենց առցանց թրեյնինգների միջոցով, գալիս է մի պահ երբ մեծ գումարներ են առաջարկում, ինչը շատ գրավիչ է, միանգամից ուզում ես մեծ գումար աշխատել և տրվում ես խաբկանքին։ Երբ արդեն ուշքի ես գալիս, տեսնում ես, որ բավականին մեծ գումար ես կորցրել։ Ես հիմա արդեն փորձում եմ հեռու մնալ այդպիսի կայքերից, մի լավ ստուգում եմ հասցեն։ Նույնն ուզում եմ հորդորել բոլորին, որ չտրվեն այդպիսի գրավիչ առաջարկներին», – ասում է Ախալքալաքի բնակիչներից մեկը։
Վերոնշյալ խաբերության ձևերը և կայքերը, որ ներկայացնում ենք նվազագույնն է։ Իրականում այդ կայքերը ստեղծողները ստեղծում են այն իրականում գոյություն ունեցող կայքերի անուններով և լոգոներով, սակայն հասցեն այլ է։ Այդ պատճառով միայն անունը և լոգոն չպետք է հիմք հանդիասանան, որպեսզի մարդիկ իրենց տվյալները վստահեն։