Ախալքալաքի միակ Գավառագիտական թանգարանում, որտեղ ցուցադրվում ու պահվում են Ջավախքի պատմության արժեքավոր վկայությունները բացակայում է կենտրոնացված ջեռուցում, այն վերանորոգման և նորովի ներկայացման կարիք ունի:

Քաղաքաբնակ ջավախքցի կնոջ տարազը Ախալքալաքի Գավառագիտական թանգարանի ամենագրավիչ ու հետաքրքրաշարժ ցուցանմուշներից մեկն է: Սակայն այն այսօր պահպանման խնդիր ունի: Խիտ, նուրբ ու փափուկ խավով պատված կտորից կարված նախորդ դարասկզբի ախալքալաքցի կնոջ ապրելակերպի ամենաբնորոշ նկարագրությունն է: Թավշե թանկարժեք կտորից կարված այս հագուստը տարիների ընթացքում կորցրել է իր սկզբնական գեղեցիկ տեսքը:
taraz 1
Այս տարազը և թոնիրը հիմնականում շատ են գրավում զբոսաշրջիկներին:
«Շատ են հետաքրքրվում հողագործական գործիքներով, չգիտեմ տարբեր մարդկանց նախասիրությունները տարբեր են: Գրավիչ են նաև ձեռագործ իրերը»,- ասաց թանգարանի տնօրեն Սեդա Համբարյանը:

Ախալքալաքի Գավառագիտական թանգարանը հիմնադրվել է 1965 թվականին և առաջին տնօրենը եղել է Մկրտիչ Քթոյանը: Թանգարանը 7 ցուցասրահ ունի որտեղ ներկայացված են սկսած հողագործական իրերից, ձեռագործ կարպետներից, կտավներից մինչև եկեղեցական արժեքավոր մատյաններ:

Մեր քաղաքի միակ թանգարանում է պահպանվում 1872 թվականին տպագրված և 1973 թվականին թանգարանին նվիրաբերված աղոթարանը՝ «Ճաշոցը»: Այն ամենաարժեքավոր ցուցանմուշներից մեկն է:
girq jashoc
Իսկ այս կլորակը ամենամեծ պատմական արժեք ունեցող իրն է: Սակայն այն ուսումնասիրված չէ, տեսակետ կա, որ սա աստղագիտական օրացույց է, այն մոտավոր թվագրվում է մ.թ.ա. առաջին հազարամյակով, կոնկրետ ոչ ոք չգիտի ինչ իր է սա:
12
Ախալքալաքի Գավառագիտական թանգարանը հիմնովին վերանորոգման և ընդհանուր ջեռուցման կարիք ունի: Թանգարանում ջեռուցվում է ընդամենը մի սենյակ, որտեղ և հավաքվում են աշխատակիցները: Այնինչ թանգարանում պահպանվող բազում իրեր ոչնչանում են առաջին հերթին կայուն ջերմաստիճանի բացակայության պատճառով:
kujer
«Վարչությունից եկան տեսան, որ վերանորոգեն: Տանիքը ժամանակավոր սարքեցին, որ տաք եղանակներին նորմալ սկսեն թանգարանի վերանորոգումը»,- ասաց թանգարանի տնօրենը:

Վերջին անգամ Ախալքալաքի Գավառագիտական թանգարանը հիմնովին վերանորոգվել է 2003 թվականին սփյուռքահայերի բարերարությամբ:

Գավառագիտական թանգարանով շատ են հետաքրքրվում սփյուռքահայերը:
«Սփյուռքահայերը երբ գալիս են Ջավախք աշխատում են անպայման այցելել թանգարան: Եթե տեղի բնակչությունը չգիտի մեր թանգարանի մասին կամ պատմությունը, ապա զբոսաշրջիկները այնքան սիրով են գալիս, ուրախանում ու հետաքրքրվում ցուցադրության ներկայացված իրերով և կարևոր տեղեկություններ քաղում ցուցադրված նմուշներից»,- ասաց Սեդա Համբարյանը:
2015 թվականին թանգարանի այցելուների 70 տոկոսը սփյուռքահայեր են եղել:
zard
Աղունիկ Այվազյան