Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն:
Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:
Արցախի ԱԳՆ-ն, իր հերթին, հաստատել է պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական զինադադարի պայմանները՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն։
Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների արդյունքում հոկտեմբերի 10-ին հրադադարի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Ըստ դրա՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ին կողմերը հումանիտար հրադադար պետք է հաստատեին՝ մարտի դաշտից վիրավորներին, զինծառայողների դիրերը դուրսբերելու ու գերիներին փոխանակելու համար, սակայն ադրբեջանական կողմը չէր պահպանել հրադադարի պայմանավորվածությունը և չէր դադարեցրել կրակը։ Դրանից հետո ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվել էին։