Հայաստանի նորընտիր խորհրդարանի ու Կառավարության առաջին հանդիպումը վերածվել է քաշքշուկի ու ծեծկռտուքի: Ընդդիմադիր պատգամավորներ Աննա Մկրտչյանը մարմնական վնասվածքներով հեռացվել է նիստերի դահլիճից, վնասվածներ է ստացել նաև Արծվիկ Մինասյանը:
Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հետաքրքրվել է, թե ինչու են վարչապետին ուղեկցում անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ, իր խոսքով` ախռանիկներ: Երբ քաղաքական մեծամասնության պատգամավորները սկսել են տեղից խոսել, Մկրտչյանն ասել է.
«Կապիտուլյանտների կողմից ձայներ մի հանեք»,- ասել է նա:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրել է անջատել Մկրտչյանի խոսափողը, նաև նկատողություն արել ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանին` ասելով, որ մյուս անգամ նրան դուրս կհրավիրի նիստերի դահլիճից:
Պատգամավորների վիճաբանությունը շարունակվել է, ինչից հետո ԱԺ նախագահը Աննա Մկրտչյանին զրկել է մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից: Հաջորդ հարցի իրավունքը Տիգրան Աբրահամյանինն է եղել, նա հետաքրքրվել է, թե ինչպիսին է վարչապետի վերաբերմունքը թիմակիցների կողմից տեղից արված ռեպլիկների վերաբերյալ:
Փաշինյանն արձագանքել է` ըստ իրեն թիմակիցները բավական զուսպ ու մեղմ են արձագանքում, ինչից հետո թիմակիցները սկսել են գոռգոռալ: Տեղից խոսել է նաև Աննա Մկրտչյանը, ԱԺ նախագահը անվտանգության աշխատակիցներին հրահանգել է հեռացնել նրան նիստերի դահլիճից: Անվտանգության աշխատակիցները բռնի ուժով վերջինիս փորձել են հեռացնել դահլիճից: Ալեն Սիմոնյանը հայտարարել է քսան րոպե ընդմիջում, պատգամավորները սկսել են միմյանց քաշքշել, որը վերածվել է ծեծկռտուքի: Անվտանգությունը բռնի ուժով օթյակից հեռացրել է լրագրողներին` խոչընդոտելով նրանց մասնագիտական գործունեության իրականացմանը: Շուրջ 10-15 րոպե տևած քաշքշուկից ու ծեծկռտուքից հետո պարզ է դարձել, որ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Աննա Մկրտչյանը վնասվածներ են ստացել: