Երեկ՝ ապրիլի 8-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի գույքի եւ բնական պաշարների կառավարման հանձնաժողովի նիստում պատգամավորները եւ հանդիպման հյուրերը քննարկեցին ցանքատարածությունների ավելացման հարցը։
Ելնելով նրանից, որ աշնանը, ամենայն հավանականությամբ, պարենային ճգնաժամ կլինի, առաջարկ եղավ ավելացնել կարտոֆիլի ու հացահատկեղենի ցանքատարածությունները։
Պատգամավոր Հովիկ Մուրադյանն առաջարկեց ավելացնել գյուղատնտեսական նշանակության հողամասերը՝ աճուրդի հանել անմշակ հողերն ու վաճառել։
«Ե՛վ հողերը կմշակվեն, և՛ պետբյուջեն միջոցներ մուտք կգործեն»,- ասաց Հովիկ Մուրադյանը։
Դիլիսկայի տարածքային միավորից պատգամավոր Նվեր Մոսոյանը, սակայն, առարկեց՝ ասելով, որ մունիցիպալիտետն այնպես էլ քիչ արոտավայրեր ունի, առավել ևս՝ իրենց գյուղում։ Մարդիկ նաև անասուններ ունեն, որոնք արոտավայրերի կարիք ունեն։
«Բացի կարտոֆիլից ու հացահատկեղենից, ունենք նաև մսի ու կաթի պահանջարկ, գյուղացիներն արոտավայրեր չունեն, մեզ ոչ միայն գյուղատնտեսական հողեր են պետք, այլ նաև միս ու կաթ»,- ասաց Նվեր Մոսոյանը։
Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության գյուղական զարգացման և գյուղատնտեսության գործակալության Ախալքալաքի խորհրդա-տեղեկատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեն ասաց, որ ընդհանուր առմամբ մունիցիպալիտետում ավելացել են մշակվող ցանքատարածությունները։
Պատգամավոր Աննա Ղևենյանը նույնպես նկատեց, որ երբ պետությունը ծրագրեր է իրականացնում գյուղացիների համար, պետք է այնպիսի պայմաններ լինեն, որ բոլորը կարողանան օգտվել դրանցից։
«Մի քանի տարի առաջ էլ էր եղել օգնություն, բայց պայմաններն այնպիսին էին, որ գյուղացիների 10 տոկոսը միայն օգտվեց այս օգնությունից»,- ասաց Աննա Ղևենյանը։
Պատգամավոր Սիփան Շիպակցյանը նշեց, որ չպետք է մոռանալ իրացման հետ կապված խնդիրը, որը մենք գրեթե միշտ ունենք, իսկ ցանքատարածությունների ավելացումը կարող է էլ ավելի սրել իրավիճակը։
«Եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը փակեն շուկաները, որտեղ իրացնենք կարտոֆիլը»,- ասաց Սիփան Շիպակցյանը։
Բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, պարենային ճգնաժամ կլինի, ուստի պետք է ավելի շատ արտադրել ու ավելի էժան, իջեցնել ինքնարժեքը։
«Ծրագրերը պետք է բաժանել երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի: Հողային բարեփոխումը երկարաժամկետ է, իսկ կարճաժամկետն, օրինակ, նախարարություն դիմելն է և խնդրելը, որ մինչ հողերի մելիորացիայի սեզոնը նրանք վերականգնեն մելիորացիայի համակարգը»,- ասաց Մախարե Մացուկատովը։
Երեկ՝ հանդիպմանը հանձնաժողովի անդամներն ու հյուրերը քննարկեցին նաև գյուղացիներին հուզող բազմաթիվ այլ հարցեր, կապված գյուղատնտեսության հետ, մասնավորպես՝ հողերի սեփականաշնորհումը, արտադրանքի ինքնարժեքը, կառավարության ծրագրերը, իրացումը, վառելիքի գինը…
Ախալքալաքում պարարտանյութերի համար պետական սուբսիդավորում են ցանկանում