Ախալքալաքի մունիցիպալիտետում այս տարի մեծ և փոքր ֆերմերները բողոքում են, որ կան կարտոֆիլի տեսակներ, որոնք հողում հոտել են: Ֆերմեր Եղիշե Աղաջանյանի հետ խոսել ենք մեր շրջանին ամենահամապատասխան կարտոֆիլի տեսակների մասին:

Եղիշե Աղաջանյանն արդեն երկար տարիներ է զբաղվում է կարտոֆիլագրոծությամբ: Նա առանձնացնում է կարտոֆիլի մի քանի տեսակ, որոնք շատ են համապատասխան մեր շրջանի բնակլիմայական պայմաններին:

«Ամենահամապատասխան սերմնացուն դա «Ջելլին» է, դիմակայուն է, տարբեր հիվանդությունների նկատմամբ իմունիտետ ունի, բարձր է ինչպես բերքատվությունը, այնպես էլ պահանջարկը։ Այնուհետև «Մարֆոնա» տեսակն է: Գնորդների համար հիմա «Արիզոնա» տեսակն ենք շատ ցանում, բայց «Ջելլիի» որակին չի հասնի: Ինձ համար «Ագրիա» սերմնացուն համարվում էր համար առաջին կարտոֆիլը, սակայն հիմա այդ որակն այլևս չունի, պատկերացրեք մի տարի նոր սերմնացուն ցանել եմ ու ամբողջը վաճառել, այլևս չեմ ցանել, որակ չկա: Որոշ մարդիկ ցանում են, հանձնում չիպսի պատրաստման գործարանին»,- ասում է մասնագետը:

Չիփս պատրաստելու համար գնում են նաև «Օմեգա» տեսակի կարտոֆիլ, որը քիչ է տարածված։

Խոսելով կարտոֆիլի «ամենաթույլ» տեսակների մասին մասնագետը նշում է, որ թույլ սերմեր չկան, ուղղակի ամեն տարի սերմի մի տեսակի համար բարենպաստ եղանակային պայմաններ է լինում, ըստ այդմ էլ՝ բարձր բերքատվություն։

«Այս տարի օրինակ «Սոֆիա» տեսակը «մեռավ», կարելի է ասել հողում թողեցինք բերքի 70%-ը, քանի որ հոտել էր: Մյուս սերմերի մեջ ևս հոտած կար, բայց ոչ այսքան», – ավելացնում է վերջինս:

Հետաքրքրական է, որ մի քանի տարի առաջ հենց Ախալքալաքում աճեցնում էին նոր տեսակի սերմնացուներ, ինչպես այլ երկներից ներդրված, այնպես էլ տեղական: Այդպիսի սերմնացուներից էր օրինակ՝ «Անթս» սերմացուն:

Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը երկար տարիներ զբաղվել է կարտոֆիլի նոր սերմերի արտադրությամբ, սակայն հիմա ցավով է նշում, որ այդ նախագծերը կանգնեցվել են:

«2016 թվականին առաջին անգամ Ջավախեթիում մենք սերմնացու կարտոֆիլի սերտիֆիկացում կատարեցինք, այն փորձնական ծրագիր էր և մենք այստեղ կարողացանք անել։ Այդ ժամանակ մեր սերմնացուն Էստոնիայից էր, ուշահաս սերմնացու էր, որը կոչվում էր «Անթս»։ Այսինքն՝ մենք ստացել էինք էլիտար սերմնացու, և էլիտարից ստացել էինք A կարգ և ողջ տարին այն անցավ հատուկ սերտիֆիկացում, այսինքն՝ վերահսկում էինք դաշտերում, նայում էինք X և Y-ին, ինչպես նաև տարբեր վիրուսների, այդ վիրուսների մոնիթորինգն էր կատարվում ողջ տարվա ընթացքում»:

«Անթս» կարտոֆիլի սերմնացուն 4-5 տարիների ընթացքում տարածվել է Ախալքալաքում և վաճառվել 1․20-1․50 լարիով։ Այն բավականին բարձր բերքատվություն է ունեցել, սակայ երբ նախագիծն ավարտվել է, ավարտվել է նաև նոր սեմացուի արտադրությունը։

Երկրոդ անգամ մունիցիպալիտետում նոր սերմնացուներ ստացել են USAID-ի նախագծով: Այդ նախագծի շրջանակներում սկսել են աճեցնել արդեն տեղական վրացական սերմեր:

«Սկսեցինք աճեցնել «Կարմիր մեսխեթական», «Ջավախեթական» և «ցքրիալա» սերմնացուները։ «Կարմիր մեսխեթական»-ը ուշահաս սերմնացու է, իսկ «Ջավախեթական» և «Ցքրիալա» սերմնացուները միջին վաղահաս և միջին ուշահաս սորտեր են, այդ սերմնացուները նույնպես իրենց արդարացրին։ Ցավոք սրտի՝ այդ նախագիծը նույնպես փակվեց և մենք չկարողացանք շարունակել հետազոտությունը։ Ես ֆերմերներին միշտ խորհուրդ եմ տալիս, որ եթե նրանք ցանկանում են զբաղվել սերմնարտադրությամբ, նրանք պարտավոր են մտածել, որ այդ ամենն անեն պրոֆեսիոնալ։ Ուտելու կարտոֆիլի արտադրությունն այլ է, սերմնացուինը՝ այլ։ Այդ իսկ պատճառով նրանք պետք է իմանան սերմնացու կարտոֆիլի արտադրության տեխնոլոգիան և սերտիֆիկացում ստանան, քանի որ սերտիֆիկացված արտադրությունը երկու-երեք անգամ ավելի թանկ է։ Ես չեմ կասկածում, որ վաղ թե ուշ սերմնացու կարտոֆիլ արտադրելու մշակույթը կներդրվի Ախալքալաք»,- եզրափակում է Մախարե Մացուկատովը։