Ախալքալաքի մունիցիպալիտետում գյուղատնտեսությանը զուգահեռ գյուղերում զբաղվում են նաև անասնապահությամբ։ Անասնապահները մեկ տարի է՝ բողոքում են կաթի ցածր գնից և մտավախություն ունեն, որ անասնապահությունը նույնպես ձեռնտու չի լինի։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղում նախորդ շաբաթ բնակիչները դժգոհում էին, որ գյուղում մեկուկես ամիս է, ինչ մսի գնորդներ չկան։
Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերի անասնապահները բողոքում են կաթի ընդունման ցածր գնից։ Անցած տարվա գարնանը, երբ կաթնամթերք արտադրողներն միանգամից իջեցրին կաթի գինը, որոշ գյուղերում բնակիչները ի նշան բողոքի դադարեցրին կաթի վաճառքը։ Սակայն հետո նորից սկսեցին վաճառել, քանի որ տեսան, որ դրանից միայն իրենք են տուժում։ Իրենց հերթին արտադրողները ոչ միայն իջեցրին կաթի ընդունման գինը, այլեւ քչացրեցրին գնման ծավալները՝ պատճառաբանելով, որ պանիրը չի վաճառվում, ինչի համար էլ կրճատել են արտադրության ծավալները։ Իսկ ֆերմերները պնդում են, որ պանիր արտադրողները սկսել են օգտագործել կաթի փոշի, որն ավելի էժան է։
«Կաթն էժան ենք վաճառում, լիտրը 1 լարիով, շուտով էլի էժանանալու է: Տանջվում ես ու ոչինչ, օգուտ չկա: Դիլիֆի պանիր արտադրողները մեզնից են գնում, ես չորս կով ունեմ, ասում են՝ չեք ուզում, մի ծախեք, մեզ ձեռնտու չէ թանկ վճարել, Թբիլիսիում պանիրն էժանացել է»,- ասում է Սուլդայի բնակիչ Իլիչ Պետրոսյանը։
Նա ստիպված է եղել վաճառել կովերին՝ թողնելով միայն չորսը։ Իլիչ Պետրոսյանն օրական կթում է 30 լիտր կաթ։
Սուլդայի բնակիչների խոսքով, իրենց համար անշահավետ է դարձել ոչ միայն հողագործությունը, այլեւ անասնապահությունը։ Կաթը էժանացել է, միսը չի վաճառվում։
«Ես պետք է 2 լիտր կաթ վաճառեմ, որ կես լիտր բորժոմի գնեմ, մեր հիմնական գնորդը մառնեուլցիներն են, բայց մեկուկես ամիս է՝ չեն գալիս, ասում են՝ Կարմիր կամուրջը փակ է, Ադրբեջանը թույլ չի տալիս ներմուծել»,- ասում է Լեռնիկ Նաչարյանը։
Նա ունի 5 կով, կաթը վաճառում է 1 լարիով։
«Կաթի վաճառքից ստացված գումարը հազիվ է ծածկում անասունների կերը, ես յոթ կով ունեմ, կաթի գինն ընկել է, գնորդներ չկան: Մեր անասունները գնում էին մառնեուլցիները, մեզնից չեն գնում Վրաստանի այլ վայրերից, տեղական շուկան փոքր է, պետք է հերթ կանգնել, 10 օրը մեկ հազիվ հերթը քեզ հասնի: Մի կովը տարեկան 100 տուկ խոտ է սպառում, հովվին էլ 150 լարի ենք տալիս, իսկ մեզ մնում է մեր տանջանքները»,- ասում է Գարիկ Մուսիկյանը։
Հարևան անասնաբուծական գյուղերում՝ Դադեշում և Կարծախում, միս գնորդների պակասից չեն դժգոհում։ Սուլդա գյուղը գտնվում է այս գյուղերի մեջտեղում։
Կարծախ գյուղից Գրիգոր Ասլանյանն ասում է, որ իրենց գյուղը գնորդի պակաս չի զգում.
«Մառնեուլից գալիս են մեզ մոտ ու լավ էլ գնում են, երկու օր առաջ են եղել այստեղ, ես վաճառքի միս չունեմ, բայց ես լսել եմ, որ լավ գնով են առնում, 12 լարի է մեկ կգ կենդանի քաշը, կաթը գնում են 1.20-ով (1 լիտրը)»,- ասում է Գրիգոր Ասլանյանը։
Դադեշ գյուղից Էդո Թումասյանն ասում է, որ իրենց գյուղում ևս միսը վաճառում է։
«Մեզ մոտ ամեն օր Մառնեուլից մեքենաներ են գալիս, բավականին թանկ են գնում՝ 12 լարիով, նույնիսկ էգ մալն են գնում, ու լավ գնով»,- ասում է Դադեշ գյուղից Էդո Թումասյանը։