Այսօրվա դրությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետում այս տարի երկնագույն հացհամեմի (սունելի) ինչպիսի բերք է սպասվում՝ այս մասին Jnews-ը հետաքրքրվեց այս մշակաբույսն աճեցնող ֆերմեր Արշալույս Գալստյանից։
Ախալքալաքի մունիցիպալիտետում երկնագույն հացհամեմի՝ բոլորին հայտնի սունելի ընդհանուր անվամբ, մշակումն իրականացվում է Կոկիո, Ալաստան, Գոման, Օլավերդ, Մերենիա, Կաջո, Ագանա և այլ գյուղերում։
Վերջին տարիներին սունելիի աճեցումը լուրջ խնդիրների է բախվում։ Բերքը փչացնում են վնասատու միջատները, որոնց դեմ ֆերմերները չգիտեն ինչպես պայքարեն և պարզապես դադարում են աճեցնել։
Սունելիի ինչպիսի բերք է սպասվում Ախալքալաքում այս տարի: Այս մասին զրուցեցինք ֆերմեր Արշալույս Գալստյանի հետ, ով երկար տարիներ սունելի է աճեցնում և փորձում է իր գործը վերածել խոշոր բիզնեսի։
Անցյալ տարի Ախալքալաքում սունելիի բերքատվությունը ցածր էր, Ախալքալաքի համար այլընտրանքային բերքի գինը բարձրացել էր մինչև 50 լարի և ավելի։ 2021-2022 թվականներին սունելիի կիլոգրամն արժեր 20 լարի։
«Ընդհանուր առմամբ, սունելիի ցանքատարածություններն ընդլայնվել են, բայց վնասատու միջատների պատճառով միայն ցանքատարածության 50%-ն է բերք տալիս: Հիվանդությունը կոչվում է նեմոտիտ: Սա հիվանդություն է, որը տարածվում է սերմերով։», – ասում է Արշալույս Գալստյանը։
Այս տարի, ըստ Արշալույս Գալստյանի, սունելիի ցանքատարածությունններն ընդլայնվել են, բայց ակնկալվում է, որ բերքատվությունը կլինի միջին։
Նինոծմինդայի մունիցիպալիտետում Արշալույս Գալստյանը նույնպես սունելի է ցանել, բայց ասում է, որ այնտեղ բերքն ուշ է հասունանում, ուստի այդ մշակաբույսն այնտեղ զարգացնելն անիմաստ է։
Նշենք, որ սունելիի աճեցման գործընթացն իրականացվում է ձեռքով, այն բավականին աշխատատար է։